Ցինիկ է. Լավրովը՝ իր ինքնաթիռի համար օդային տարածքը փակելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների որոշումը՝ թույլ չտալ իրեն ինքնաթիռով թռչել Սերբիա, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անցած գիշեր և այսօր առավոտյան լրատվամիջոցներից շատ հարցեր եղան մեր արձագանքի վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ընդունված աննախադեպ որոշումներին և այն որոշումներին, որոնք խոչընդոտեցին Ռուսաստանի արտգործնախարարի այցը Սերբիայի Հանրապետություն։ Իհարկե, տեղի ունեցավ աներևակայելին, ես հասկանում եմ, թե ինչ հետաքրքրություն եք ցուցաբերում այս աղաղակող գործողությունների վերաբերյալ մեր գնահատականի նկատմամբ»,- երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
Նա «ցինիկ» է որակել Սերբիային գործընկերներին ընտրելու հնարավորությունից զրկելու Արևմուտքի դիրքորոշումը։
«Այժմ այս (գործընկերներ ընտրելու ազատության) սկզբունքը, որն Արևմուտքը դրել է առաջնագծում, ոտնահարվել է հենց Արևմուտքի կողմից։ Սերբիան, Արևմուտքի տեսանկյունից, չպետք է ընտրության ազատություն ունենա գործընկերներ ընտրելու պարագայում»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման դիրքորոշումը «ցինիկ» է, բայց այլևս զարմանալի չէ։
«Ընդհանուր առմամբ, ինքնիշխան պետությունը զրկված է արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, Սերբիայի միջազգային գործունեությունը այս պահին գոնե ռուսական ուղղությամբ արգելափակված է»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ սերբական Večernje novosti թերթը հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին, որը պետք է մեկներ Սերբիա։