Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ ԱԽ-ից
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը նիստ է անցկացրել Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռային հարձակման առնչությամբ։ Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ ԱԽ-ից։
«Չնայած Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները և միջազգային իրավական կարգը, այնուամենայնիվ, նա պատասխանատվության չի ենթարկվում, ներկա է ՄԱԿ-ի կառույցներում և օգտվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնություններից»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն իրավունք չունի մասնակցելու ուկրաինական պատերազմի հարցերի շուրջ կազմակերպության քննարկումներին ու քվեարկությանը։ Նա նաև կոչ է արել սահմանել «ահաբեկչական պետության» իրավական կարգավիճակը։ Նման կարգավիճակ ունեցող բոլոր երկրները պետք է պատժվեն, առաջարկել է Զելենսկին։
«Կոչ եմ անում ահաբեկչական պետությանը զրկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր լիազորություններից։ Դա անհրաժեշտ է։ Դա արդար է։ Ռուսաստանն իրավունք չունի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», ամփոփել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև արձագանքել է Կրեմենչուգում տեղի ունեցածի ռուսական պաշտոնական վարկածին և Կրեմլամետ լրատվամիջոցների տարածած վարկածներին։ «Ես առաջարկում եմ ՄԱԿ-ին ուղարկել գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ կամ մեկ այլ ներկայացուցիչ՝ այցելելու դեպքի վայր և կարողանա հաստատել, որ դա իսկապես ռուսական հրթիռային հարձակում էր», – ասել է նա: