Պաշտպանության նախարարությունը ծրագրեր ունի ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքի համար․ Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը պլաններ ունի երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գործընթացի մեկնարկի լույսի ներքո։
«Նման տարբերակները մշակվում են ոչ թե Կրեմլում, այլ պաշտպանության նախարարությունում։ Մենք բոլորս արդեն բազմիցս ասել ենք, որ այնտեղ կան համապատասխան ծրագրեր, եւ աշխատանք է տարվում մեր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե դիտարկում է արդյոք Կրեմլը Ռուսաստանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի բազա տեղակայելու տարբերակը, եւ ինչպես կարող է Մոսկվան արձագանքել այդ կապակցությամբ: Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն տվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գնահատականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երեքշաբթի հայտարարել է դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։ Ավելի վաղ Ֆինլանդիայի Լապենրանտայի քաղաքապետ Կիմմո Յարվուն առաջարկել էր քաղաքում ՆԱՏՕ-ի բազա տեղադրել։