Հունաստանի ու Բուլղարիայի բացած նոր խողովակաշարով Ադրբեջանից գազ կմատակարարվի Բուլղարիա
ЭКОНОМИКАՀունաստանի եւ Բուլղարիայի վարչապետները նոր խողովակաշար են բացել, որով Ադրբեջանից բնական գազ կմատակարարվի Բուլղարիա, հայտնում է AP-ն։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել է նոր գծի կարեւորությունը՝ որպես Բուլղարիա մատակարարումների համար այլընտրանք։ «Սա պարզապես գազատար չէ, այլ կարեւոր էներգետիկ կամուրջ հարավի եւ հյուսիսի միջեւ»,- Հունաստանի հյուսիս-արեւելքում արարողության ժամանակ ասել է Միցոտակիսը:
Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովն ընդգծել է գազատարի դերը՝ իր երկրում Ռուսաստանի գազային մենաշնորհին վերջ տալու գործում։
Ապրիլի վերջին Ռուսաստանը դադարեցրել է մատակարարումները Բուլղարիա այն բանից հետո, երբ երկիրը հրաժարվել է գազի դիմաց ռուբլով վճարել:
Ուրբաթ օրը բացված 182 կմ երկարությամբ գազատարը՝ 3 միլիարդ խորանարդ մետր նախնական թողունակությամբ եւ ապագայում մինչեւ 5 միլիոն խորանարդ մետր ընդլայնմամբ, կանցնի Հունաստանի հյուսիսարեւելյան Կոմոտինի քաղաքից մինչեւ Կենտրոնական Բուլղարիայի Ստարա Զագորա: Սպասվում է, որ Բուլղարիան կսկսի մատակարարումներ ընդունել առաջիկա շաբաթների ընթացքում։
Հունաստանը ձգտում է որպես էներգետիկ հանգույց ծառայել Բալկաններում՝ օգտագործելով Կասպից եւ հարավարեւելյան Միջերկրական ծովի հանածո վառելիքները, ինչպես նաեւ Եգիպտոսից ստացվող հնարավոր վերականգնվող էներգիան՝ ուկրաինական պատերազմի պայմաններում տարածաշրջանին մատակարարելու համար:
Հունաստանը նաեւ հեղուկ բնական գազի տերմինալ է կառուցում Ալեքսանդրուպոլիսի հյուսիսարեւելյան նավահանգստի մոտ՝ Կոմոտինիից ոչ հեռու: