ԱՄՆ-ն հնարավոր բոլոր տարբերակներով աջակցելու է Հարավային Կովկասի խաղաղ ապագային. Պետդեպի խոսնակ
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Թբիլիսիում կայացած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսինն է ԱՄՆ դերակատարումն այս գործընթացում՝ Փրայսը նշել է. «Մենք ակտիվ դերակատարում ունենք: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ՝ այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:
Փրայսը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերջին շաբաթների ընթացքում շփումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Վերջինների հետ օրերս հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը Հարավային Կովկասի համար խաղաղ, ժողովրդավար ու բարեկեցիկ ապագայի հասնելու լավագույն տարբերակն է, և մենք շարունակելու ենք հնարավոր բոլոր տարբերակով աջակցել դրան»,- ասել է Փրայսը: