Ереван, 06.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայաստանը վերածվել է օբյեկտի. ունենք իշխանություն, որը կենցաղային պատկերացումներ ունի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում խոսել ենք Թեհրանում տեղի ունեցած Իրանի, Ռուսատանի և Թուրքիայի նախագահների հանդիպման, դրա շրջանակներում Հայաստանի վերաբերյալ հնչած հայտարարությունների ու մի շարք այլ զարգացումների մասին:

«Հայաստանը շատ սահուն կերպով և արագ քայլերով նոր Սիրիայի է վերածվում: Հայ հասարակության մի զգալի հատված շատ ոգևորված էր Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարարությունից, ըստ որի, Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական սահմանի արգելափակման քաղաքականությունը:

Բայց եթե նայենք ուժերի այն կոնֆիգուրացիան, որը կար Սիրիայում, կտեսնենք, որ Սիրիայի հասարակությունը ևս որոշ հարցերում Իրանի, Ռուսաստանի ունեցած դիրքորոշումները պրոսիրիական է համարում: Սիրիայի հարցում ևս ԱՄՆ-ն ու Թուրքիան ունեն այլ դիրքորոշումներ, բայց Սիրիան արդեն վերածվել է մի քաղաքական օբյեկտի, որը չի կարողանում ոչ միայն իր տարածքն ամբողջությամբ վերահսկել, այլև չի կարողանում երկրի ամբողջ տարածքում իր ինքնիշխանությունն իրացնելով՝ պահպանել իր տարածքային ամբողջականությունը: Թեպետ Սիրիան ԻՀՀ-ի, ՌԴ-ի աջակցությունն ունի, բայց Սիրիան վերածվել է մի պետության, որտեղ պետական ինստիտուտները որոշ չափով չեն գործում: Նույնը մեզ մոտ է տեղի ունենում: Մենք մեր տարածաշրջանում գնում ենք այդ սիրիական մոդելի կրկնօրինակմանը»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանի տարածքի հետ կապված ուժային կենտրոններն իրար հակասող, միմյանց շահերին չհամապատասխանող պատկերացումներ և մոտեցումներ ունեն. «Ու եթե X պահի ինչ-որ գործողություն իրականացվի, որի շրջանակներում այդ խաղաղացողներից մեկը կամ երկուսն իրենց ազդեցությունը կորցնեն կամ ավելացնեն իրենց հնարավորությունների պաշարը, մեծ հաշվով, Հայաստանին միգուցե հետագայում ոչ ոք ոչինչ չհարցնի: Օրինակ՝ ինչպե՞ս է պատկերացնում Սյունիքի ապագան: Միգուցե Իրանը, սեփական շահերից ելնելով, որոշի, որ այդ տարածքում պետք է ինքը Հայաստանի անվտանգությունն ապահովի, միգուցե Ռուսաստանը որոշի ինչ-որ այլ գործողություններ իրականացնել, կամ միգուցե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն, որ առանց «Զագեզուրի միջանցքի» այլևս չեն կարող շարունակել իրենց կենսագործունեությունը: Մենք մի իրավիճակում ենք, երբ մեզնից այդքան էլ շատ բան չեն հարցնում: Թեհրանում տեղի ունեցած հանդիպումը, դրա շրջանակներում հնչած հայտարարություններն ավելի շատ նկարագրված համատեքստում եմ դիտարկում: Այսինքն, որ մենք շատ սահուն կերպով վերածվում ենք նոր Սիրիայի»:

Նա շեշտեց՝ պատերազմից հետո փաստ էր, որ Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության X մակարդակը պահպանում է միայն ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ու բնական դաշնակից Իրանի միջոցով. «ԻՀՀ հոգևոր առաջնորդի հայտարարությունը նշվածի ևս մեկ ապացույցն էր, որովհետև եթե չլիներ Իրանի դիրքորոշումը, վաղուց կլիներ «Զանգեզուրի միջանցքը», և հարց է, թե Սյունիքը որ կողմի վերահսկողության տակ կլիներ: Խամենեիի հայտարարությունը, սակայն, նաև երկրորդ մաս ունի. ֆունդամենտալ առումով Հայաստանը վերածվել է օբյեկտի, որի վերաբերյալ տարբեր ուժային կենտրոններ իրենց պատկերացումներն ունեն ու բանակցությունները վարում են իրենց իսկ շահերի տրամաբանությունից ելնելով: Սա է այն ամենավտանգավոր կետը, որի վրա հղում անելով եմ նաև կարծում, որ մեր երկիրը վերածվում է Սիրիայի»:

Այս համատեքստում Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ նոր աշխարհակարգի ձևավորման շրջանակներում մենք ունենք իշխանություն, որը կենցաղային պատկերացումներ ունի: «Դժվար է ակնկալել, որ իրենք համապարփակ քայլեր կիրականացնեն մեզ վտանգներից զերծ պահելու ուղղությամբ: Օրինակ՝ 2020 թ. պատերազմից հետո իշխանության քարոզչական թեզն այն էր, որ Ադրբեջանը 20 տարի պատրաստվել է երկրորդ պատերազմին, իսկ ՀՀ իշխանությունները թալանել, կեղեքել են բանակը:

 Իսկ ի՞նչ է տեղի ունեցել վերջին 2 տարիներին: Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը, ամրանալ զավթած տարածքներում: Հիմա ևս Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները, երբ մարդիկ պարզապես վրաններում են իրականացնում սահմանային պաշտպանությունը: Այս իշխանություններն անգամ պատերազմից հետո են ամբողջովին այլ ճանապարհ ընտրել: Ընդհանրապես, մերկացրել են սահմանները, բանակին ուղղված ծախսերը ևս չեն ավելացնում, էլ չեմ խոսում բանակի վարկաբեկման մասին: Ու այս պայմաններում ասել, թե ինչ կլինի Հայաստանի հետ Թեհրանի, Մոսկվայի և Վաշինգտոնի փոխհարաբերությունների եռանկյունու մեջ, շատ դժվար է: Մենք վերածվել ենք մի օբյեկտի, որի շահերը կարելի է ոտնահարել»,-ասաց մեր զրուցակիցը՝ մատնանշելով բոլոր մակարդակներում առկա թերացումների մասին:

«Երբ ասվում է Արցախի հարցում նշաձող իջեցնելու մասին, այդ հայտարարությունից փորձում են բոլորն օգտվել: Մենք չունենք հստակ մոտեցումներ և չունենք օրակարգ: Իշխանության ներկայացուցիչներից մեկը օրերս հարցազրույցի ժամանակ ասաց, թե Արցախի վերաբերյալ իշխանությունները լուծումներ են փնտրում: Սա է այս իշխանության դեմքը: Այս մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ինչ են ուզում ստանալ վերջում: Իրենք մեզ հասցրել են մի հանգրվանի, երբ մեր անվտանգությունը կախված չէ մեզնից, մենք ոգևորվում ենք Խամենեիի հայտարարությունից, մինչդեռ պատկերացում չունենք, թե մեզ համար գոյաբանական խնդիր ներկայացնող Արցախի հարցում ինչ դիրքորոշում ունենք»:

Քաղաքագետի հետ զրույցում վերոնշյալ թեմաների շրջանակում անդրադարձանք նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի՝ գրեթե միաժամանակյա այցերին Հայաստան: «Երկու տարբերակ կա այս առումով. ըստ փորձագետների մի մասի, Հայաստանում որոշակի կուլիսային բանակցություններ են տեղի ունենում ուժային կենտրոնների միջև: Տարբերակներից մեկն էլ այն է, որ սա 2018- ին Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի շարունակությունն է: Բոլթոնն այստեղ հայտարարեց, որ պետք է վերանայել պատմական կարծրատիպերը, միգուցե Իրանի հետ սահմանը պետք է փակվի և այլն: Հետագայում, երբ դիտարկեցինք ադրբեջանական ու թուրքական մամուլը, Բոլթոնի հայտարարությունների բացվածքը շատ պարզ էր դառնում. Հայաստանին առաջարկել էին հակաիրանական մեծ ծրագրի մաս կազմել, Ադրբեջանը, որը ևս կար այդ ծրագրում, որպես բոնուս պետք է Արցախը, իսկ Հայաստանն ինչոր տնտեսական ծրագրերի մաս կազմելու հեռանկար ստանար: Արդյունքում հայկական տարածքից պետք է դուրս գար ռուսական զորքը, ինչի արդյունքում հայ-իրանական սահմանն ամբողջությամբ կտրանսֆորմացվեր, այնտեղ ամբողջովին այլ անվտանգային համակարգ կլիներ: Տրամաբանական է, որ անհրաժեշտության դեպքում X պահի հայկական կողմը կփակեր Իրանի հետ սահմանը: Հիշեցնեմ, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե միգուցե գա մի պահ, երբ Իրանի հետ սահմանը կփակենք»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ եթե հետ նայենք, կտեսնենք, որ վերոնշյալ ծրագրի շատ դրույթներ արդեն իսկ իրականություն են դարձել:

«Բայց Իրանի հետ սահմանի մի զգալի հատված դեռևս հայկական կողմի վերահսկողության տակ է: Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը հենց այդ սահմանի մասին էր: Այս առումով կարող ենք ենթադրել, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ հետախուզության ղեկավարը եկել էր նաև այս հարցը քննարկելու, ու դա Բոլթոնի այցի շարունակությունն էր: Եվ եթե անգամ ինքն այստեղ էր եկել ռուսական կողմի հետ ինչ-որ գաղտնի բանակցությունների համար, մեկը մյուսին չի խանգարում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Այս բոլոր գործընթացների համատեքստում վերջում քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած որոշակի գործընթացներին ու բանակցություններին: «Մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որը ոչ թե հույ-թուրքական, այլ հայթուրք-ադրբեջանական է, որովհետև Անկարան անգամ չի թաքցնում, որ Հայաստանի վերաբերյալ իրենց քաղաքականությունը համաձայնեցնում են պաշտոնական Բաքվի հետ: Թուրքիայի պահանջները շատ հստակ են: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու դիմաց ուզում են, որ Արցախն ամբողջությամբ լինի Ադրբեջանի կազմում, Հայաստանը ընդունի դա, այնտեղ հայկական զորք չլինի: Ուզում են նաև « Զանգեզուրի միջանցքը», նաև՝ որ Հայաստանը մոռանա Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ուզում են վերահաստատել, որ հայ-թուրքական սահմանն այն սահմանն է, որը գծվել է ըստ Կարսի պայմանագրի: Թուրքիան հստակ քայլերով գնում է այս պայմանների իրականացման դիմաց Հայաստանի հետ X մակարդակի հարաբերություններ հաստատելու ճանապարհով»,-շեշտեց քաղաքագետը:

Անդրադառնալով նաև նշվածից բխող վտանգներին՝ Բ. Մաթևոսյանը նկատեց. «Արցախը կորցնելով՝ մենք ընդհանրապես ոչնչացնում ենք անվտանգային համակարգը ու փոխարենը ոչինչ չենք կառուցում: Երկրորդ՝ երբ հրաժարվում ես Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ֆունդամենտալ առումով խզում ես կապը Սփյուռքի հետ. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը այն ֆունդամենտալ գործիքներից մեկն էր, որը միավորում էր Սփյուռքի հայերին ՀՀ-ի հետ: Այս հարցերի մասին երկար կարելի է խոսել, բայց մի կարևոր հանգամանք ևս կա. արդյոք կա՞ հաշվարկ, թե հայկական տնտեսությունը ներկայիս պայմաններում որքան ժամանակ կդիմանա, երբ սահմանը բացվի ու թուրքական կապիտալի էքսպանսիա տեղի ունենա: Նման հաշվարկներ չկան ու կրկին կենցաղային մակարդակի ինչ-որ պատկերացումներ են՝ «լավ ապրելը ավելի լավ է, քան վատ ապրելը», երևի նաև՝ «բաց սահմանն ավելի լավ է, քան փակ սահմանը» տրամաբանության մեջ: Բոլոր իրողությունների սխալ հաշվարկը պետականության հիմքերի քանդմանն է հանգեցնելու, այն հիմքերի, որոնց վրա ՀՀ-ն շարունակում է գոյություն ունենալ»:

Նա հիշեցրեց, որ վերջին տասնամյակում սա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկրորդ խոշոր փորձն է: Առաջին փորձի մասին խոսելով՝ նա նշեց. «Որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանային կասեցնել այդ գործընթացը՝ հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ մաքսիմալիստական պատկերացումներն ու պահանջները, մենք ստիպված էինք լինում գնալ որոշ զիջումների այլ խաղացողների հետ հարաբերությունների տիրույթում: Օրինակ՝ դա հանգեցրեց նրան, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգվեց: Ես ներկայում շատ դժվար եմ պատկերացնում այն գինը, որը Հայաստանը պետք է վճարի Թուրքիայի հետ սկսած հարաբերությունները կասեցնելու դիմաց: Հարց է, թե որն է լինելու այդ գինը, որը մենք վճարելու ենք: Ամեն դեպքում, վստահ եմ՝ վտանգավոր է չգիտակցել, որ այն իշխանությունը, որը հանգեցրեց Շուշիի ու Հադրութի անկմանը, կհանգեցնի նաև Գորիսի և Կապանի անկմանը: Մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք, ու, ցավոք, գործընթացն ինչ-որ ձևով կասեցնող, զսպող մեխանիզմներ այսօրվա Հայաստանում չկան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване