Ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում
СПОРТՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում:
Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ):
Արման Հարությունյանը որակավորման փուլում 13:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, սակայն քառորդ եզրափակչում զիջել է ամերիկացի ըմբիշին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել, որտեղ 8:7 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ և գոտեմարտել բրոնզե մեդալի համար։ Որոշիչ գոտեմարտում էլ հայ ըմբիշը 2:0 հաշվով հաղթանակ է տարել իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ:
71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի նկատմամբ: Եփրեմյանը մեկնարկային գոտեմարտում 11:0 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8:4 հաշվով առավելության էր հասել հույն ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ուժեղ էր գտնվել շվեյցարացի Նիկ Շերերից: Եփրեմյանը պարտվել է միայն կիսաեզրափակչում՝ զիջելով ամերիկացի ըմբիշին:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը, սակայն 0:9 հաշվով պարտություն է կրել իրանցի ըմբիշից:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Հայկո Գասպարյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արեն Սերոբյանը (55 կգ), Վլադիմիր Ազարյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), և Պապին Հունանյանը (80 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
Մ17 տարեկանների ԱԱ-ում ավելի վաղ հանդես էր եկել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ նվաճելով 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ: