Բնական գազի անբավարարությունը Գերմանիայում կարող է հանգեցնել մատակարարումների շղթայի կոլապսի
МЕЖДУНАРОДНОЕԵթե ռուսական բնական գազի մատակարարումները Գերմանիա կրճատվեն, մատակարարումների ամբողջական շղթաները եւ արտադրությունները կարող են փլուզվել։ Այս մասին ասել է գերմանական քիմիական հսկան՝ Covestro-ն, նախազգուշացնելով, որ «Հյուսիսային հոսքով» գազի հոսքերի կտրուկ կրճատումը կասկադի էֆեկտ կգործի Եվրոպայում ամենամեծ տնտեսության արտադրական գործունեության վրա, գրել է OilPrice.com-ը։
«Իրավիճակի հետագա վատթարացումը հավանաբար կհանգեցնի մատակարարումների շղթայի կոլապսի»,- ասել է ընկերությունը շահույթների եւ վնասների վերաբերյալ իր հաշվետվությունում։
«Եթե այս տարի գազի մատակարարումները նորմավորվեն, «դա կարող է հանգեցնել մասնակի բեռնվածությամբ աշխատանքի կամ առանձին արտադրությունների լիակատար դադարեցման»,- ասել են քիմիական հսկայի ներկայացուցիչները։
Covestro-ն տարբեր միջոցներ է ձեռնարկել գազի իր սպառումը կրճատելու համար, այդ թվում ի հաշիվ նավթով աշխատող շոգեգեներատորների օգտագործման։ Ընկերությունը հայտարարել է, որ մշտապես աշխատում է գազի եւ էներգիայի սպառման հետագա կրճատման ուղղությամբ։
Covestro-ն սպասում է «մատակարարումների գլոբալ շղթայի շարունակվող ներգործությանը, էներգակիրների բարձր գներին, բարձր գնաճին եւ համաշխարհային տնտեսության ավելի թույլ աճին»։
«Տարվա երկրորդ կեսին մակրոտնտեսական ռիսկերը նորից զգալիորեն բարձրացել են, հատկապես էներգիայի բարձր ծախսերի եւ գազի մատակարարման ոլորտում անորոշության հետ կապված»,- ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Թոմաս Թոփֆերը։
Քիմիական արդյունաբերությունը մեծությամբ երրորդ ճյուղն է Գերմանիայում ավտոմեքենաշինությունից եւ մեքենաշինությունից հետո, եւ գազի ամենախոշոր սպառողն է երկրում, որին բաժին է ընկնում գազի ընդհանուր սպառման 15 տոկոսը։
Գերմանիայի քիմիական արդյունաբերությունը գազի խնայողության քիչ հնարավորություններ է պահպանել՝ Ռուսաստանից մատակարարումների անորոշության պատճառով, քանի որ գերմանական ընկերությունները կարող են կանգնել արտադրությունը դադարեցնելու վտանգի առջեւ, եթե մատակարարումների հետ կապված իրավիճակն ավելի վատանա, ավելի վաղ ասել էր Verband der Chemischen Industrie (VCI) քիմիական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Գրոսե Էնթրուպը։
Գերմանիայում ընկերությունների վիճակն ավելի վատացավ հունիսի կեսին, երբ Ռուսաստանն առաջին անգամ 60 տոկոսով կրճատեց գազի մատակարարումը «Հյուսիսային հոսքով»։
Հարցման համաձայն, որն անցկացվել էր անցած շաբաթ Գերմանական առեւտևրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (DIHK) կողմից, գերմանական յուրաքանչյուր վեցերորդ ընկերություն ստիպված է կրճատել արտադրությունը էներգակիրների բարձր գների պատճառով։ Հարցումը նաեւ ցույց է տվել, որ Գերմանիայի արդյունաբերական ընկերությունների միայն կեսն է 2022թ. ապահովել գազի իր տարեկան պահանջմունքը պայմանագրերի միջոցով։ Արդյունաբերական ձեռնարկությունների ավելի քան մեկ երրորդը նախկինի պես ստիպված է գնել տարեկան իրեն անհրաժեշտ գազի 30 տոկոսը։
Գերմանիան ԵՄ-ում ամենախոցելի երկրներից մեկը կլինի, եթե «Գազպրոմը» այսուհետ եւս սահմանափակի կամ դադարեցնի մատակարարումները Եվրոպա, ասել է Վուդ Մակքենզին։