ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր զրուցել եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Կոչ եմ արել շարունակել զսպվածությունն ու ուղիղ երկխոսությունն Ադրբեջանի հետ առկա խնդիրների լուծման համար», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Մեկ այլ գրառմամբ էլ նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Վստահեցրել եմ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն ու ավելի դյուրին դարձնել այն՝ օգնելու կայուն խաղաղության հասնել Հարավային Կովկասում», - նշել է Բլինքենը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:
Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը: