Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրենի ընտանիքը, ով է նրա կինը (լուսանկարներ)
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ընտանիքը։
Հովիկ Մուսայելյանի կինը Նաիրա Աղախանյանն է։Նա մասնագիտությամբ բանասեր է՝ ռուսաց լեզվի մասնագետ:
Wnews.am-ին տված հարցազրույցում նա պատմեց, որ ութ տարի առաջ իր կյանքում հրաշք տեղի ունեցավ: «Ես սկսեցի նկարել: Սկզբնական շրջանում կոլաժներ էի պատրաստում, հետո՝ ավելի դեկորատիվ բնույթի աշխատանքներ: Իսկ վերջերս ես կտավներ եմ նկարում՝ գյուղական թեմաներով: Ինչու՞ գյուղական: Որովհետեւ այդ մոտիվներում ես մաքրության, անկեղծության եւ բնության հետ ներդաշնակության երանգներ եմ տեսնում, որոնք իմ կյանքի այս էտապում ինձ հոգեհարազատ են»,- ասում է Նաիրա Աղախանյանը:
Նա ունեցել է երկու անհատական ցուցահանդես եւ մասնակցել հինգ այլ ցուցահանդեսների (բարեգործական եւս), այդ թվում նաեւ Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Wnews.am-ին տված հարցազրույցում նա նաեւ պատմեց, թե ինչպես է ծանոթացել իր ամուսնու հետ։
«Եղբայրս եւ Հովիկը միասին էին աշխատում եւ ընկերներ էին: Եղբորս ծննդյան օրը նա առաջին անգամ եկավ մեր տուն եւ դրանից հետո ավելի հաճախ էր այցելում: Հետաքրքիրն այն էր, որ սկզբում ես նույնիսկ չէի էլ կասկածում, որ նա կարող է անտարբեր չլինել իմ նկատմամբ: Փաստորեն նա կարողանում էր իր զգացմունքները թաքցնել:
Մինչ կբացահայտեր այդ ամենը, Հովիկն արդեն խոսել էր եղբորս հետ, քանի որ նրանք ընկերներ էին: Մինչեւ այսօր նա կատակում է, որ «երբ եղբայրդ իմացավ այդ ցանկության մասին, երջանկությունից ցատկում էր, եւ ասում էր. Դու մեր փրկիչն ես» :
Մեկ տարի ավելի մտերմիկ հարաբերություններից հետո, պարոն Մուսայելյանը Նաիրային ամուսնության առաջարկություն է արել: «Ճիշտն ասած ոչ մի ռոմանտիկ բան չկար նրա այդ քայլում, որորվեհետեւ թե’ մենք եւ թե’ մեր շրջապատն արդեն ենթադրում էր, որ դա պետք է տեղի ունենա: Հովիկն ընդունվել էր ասպիրանտուրա՝ Մոսկվայում եւ հարսանիքից մի քանի օր հետո մենք մեկնեցինք այնտեղ: Երեք տարի անց մենք վերադարձանք եւ մի քանի ամիս հետո ծնվեց մեր առաջնեկը՝ Էդուարդը»,- պատմում է Նաիրա Աղախանյանը:
Նաիրա Աղախանյանը Հովիկ Մուսայելյանին պարգեւել է երկու որդի։
«Երկու տղաներս էլ՝ Եւ Էդուարդը, եւ Ռուբենը ընտրել են միկրոէլեկտրոնիկա մասնագիտությունը: Փոքր տղաս՝ Ռուբենը, դեռ ուսանող է: Այս տարի ավարտում է բակալավրատը՝ Սինոփսիսի ծրագրով:
Էդուարդը նույնիսկ տեխնիկական գիտությունների թեկնածու է: Իր ընկերների հետ ստեղծել է ընկերություն եւ հիմա էլ պատվերներ ունեն եւ ինժեներական աշխատանքներով են զբաղվում: Էդուարդի կինը՝ Ադրինեն բժշկուհի է: Ճիշտ է, դեռ արդինատուրայում է սովորում, բայց արդեն մասնակցում է գինեկոլոգիական վիրահատությունների: Իսկ մեր թոռնիկը՝ Հովհաննեսը, ուղղակի հրաշք է, ով մեր կյանքի որակը լրիվ փոխել է: Մեկ եւ կես տարեկան է եւ այնքան խելացի է, որ մենք նույնպես ամենայն պատասխանատվությամբ ենք իր հետ շփվում»,- ասում է տիկին Աղախանյանը:
Մեր հարցին, թե որն է ամուր ընտանիքի իր բանաձեւը, Նաիրա Աղախանյանը պատասխանեց.
«Ընդունված է ասել, որ կյանքում իմ ամենամեծ ձեռքբերումը իմ ընտանիքն է, որ այն իմ ամրոցն է, եւ այլն: Ես մի բան կասեմ: Մեր ընտանիքի ամրության բանալին դա մեր ընտանիքի անդամների իրար նկատմամբ սիրո, հարգանքի, վստահության միասնությունն է»:

«Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլոր հայ ընտանիքների Նոր Տարին եւ ցանկանալ սիրո, հարգանքի եւ վստահության միասնություն»,- զրույցի վերջում հավելեց նա:
Ներկայացնում ենք տիկին Աղախանյանի գեղեցիկ ստեղծագործություններից մի քանիսը.




















