«Առաջնեկի անունն արդեն որոշել ենք. լինելու է սկեսուրիս անունը». Մաշ Իսրայելյանը՝ առաջնեկի սեռի, զգացողությունների և մտահոգությունների մասին
ЛАЙФՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Երգչուհի Մաշ Իսրայելյանը ամիսներ առաջ հայտնել է, որ սպասում է առաջնեկին՝ հրապարակելով հոլովակ, որտեղ նա և ամուսինը պարզում են երեխայի սեռը: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշը պատմել է այս շրջանի մասին:
«Անակնկալ կերպով եմ իմացել հղիության մասին և չի եղել պլանավորված, իսկ ամուսնությունից հետո մտածել ենք, որ թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»,- ասաց նա և հավելեց, որ սկզբում ունեցել է որոշակի մտահոգություններ:
«Մտածել եմ՝ գուցե կազմվածքս ենթարկվի փոփոխության, կամ հղիությունս ծանր լինի և չկարողանամ աշխատել, իսկ դա ինձ համար բարդ էր լինելու, քանի որ ինքս իմ էությամբ շատ աշխույժ եմ, հագեցած գրաֆիկով, բայց սռհասարակ առաջնային միշտ եղել է երեխան»,- ասաց Մաշ Իսրայելյանը:
Երգչուհին նաև շեշտեց, որ այս շրջանում շարունակել է աշխատել, իսկ երեխան միմիայն ուրախ է եղել այդ փաստից:
«Այս ողջ շրջանում ես աշխատել եմ և աշխատում եմ: Մասնակցում եմ համերգների, երգում խնջույքներին ու առհասարակ շարունակում իմ ակտիվ ու բնականոն կյանքը: Այս ողջ ընթացքում ամուսինս միշտ ինձ հետ է, ընկերներս էլ կատակում են՝ ասելով, որ երգչուհի է ծնվելու միանշանակ, քանի որ երգելուս ընթացքում նա միշտ ակտիվ է: Ես բավականին թեթև հղիություն եմ տանում, չունեմ որևէ բարդույթներ, խնդիրներ, բայց միանշանակ կարգավիճակով պայմանավորված մայրիկս ու սկեսուրս ցանկացած հարցում ինձ աջակցում են»,- ասաց նա:
Խոսելով երեխայի սեռի մասին՝ նա նշեց՝ երբ իմացան աղջիկ է, իսկապես զարմացած էին:
«Երեխայի սեռը պարզելուց առաջ անընդհատ մտածում էի, որ տղա եմ ունենալու, երազիս ևս տղայի եմ տեսել ու բոլորին ասում էի՝ տղա եմ ունենալու: Արարողությունից մեկ օր առաջ ամուսինս զանգահարեց ու ասաց՝ աղջիկ է ծնվելու, ու փաստորեն նա ճիշտ էր: Իսկապես, երբ տեսա վարդագույն ծուխ, զարմացած էի, քանի որ ողջ ընթացքում մտածում էի, որ տղա եմ ունենալու: Ուզում եմ ասել՝ երեխայի սեռը կարևոր չէ, կարևորը, որ առողջ բալիկ լինի»,- նշեց նա:
Մաշ Իսրայելյանը նաև խոսեց երեխայի անվան մասին՝ նշելով, որ աղջիկը կրելու է իր սիրելի անունը:
«Անունն արդեն որոշված է. Աննա: Սկեսուրիս անունը Աննա է և իմ սիրելի անուններից մեկն է, երբ ծանոթացանք և իմացա անունը մտքումս ասեցի՝ բախտս բերել է, իմ սիրելի անունն է»,- ասաց նա:
Երգչուհին նաև հավելեց, որ դեռևս չի հասցրել գնումներ կատարել երեխայի համար:
«Որևէ բան դեռևս չեմ գնել, քանի որ մայրիկս արդեն լիովին պատրաստվել է՝ իմ փոխարեն գնելով: Բոլոր հագուստներն ու իրերը լիովին իմ ճաշակով են: Վստահ եմ՝ օրերը մոտենալուն պես ևս կսկսեմ գնումներ անել փոքրիկի համար»,- ասաց նա: