«Մաստեր կլաս». ինչպես լավագույններից մեկը դառնալ հազարավորների մեջ․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Amstel ընկերությունը հիմնադրվել է 1870 թվականին Ամստերդամում։ Այն իր անունը ստացել է Ամստել գետից, որի վրա էլ հիմնադրվել է քաղաքը։ Amstel բառն ինքնին առաջացել է հին հոլանդական Aeme stele բառից, որը կարելի է թարգմանել որպես ջրով հարուստ տարածք։ Գարեջրի գործարանը գտնվում էր հենց գետի ափին, որը շատ հարմար էր, քանի որ մեխանիզմները հովացնելու համար օգտագործվում էր գետի ջուր։ Նոր ձեռնարկության հիմնադիրներն էին գործարարներ դե Պեստերը և վան Մարվիկ Կոյը։
Նրանք որոշել էին, որ Հոլանդիայում բավարական գարեջրի աճող ժողովրդականության հետևանքով կարող են հաջողությամբ կազմակերպել սեփական գարեջրի արտադրություն: Եվ դա՝ չնայած այն բանին, որ այն ժամանակ երկրում գործում էր գրեթե 560 գարեջրի գործարան։ Ճիշտ է, դրանցից միայն մի քանիսն էին արտադրում բավարական գարեջուր: Բացումից երկու տարի անց գործարանն արդեն արտադրում էր տարեկան 10 հազար հեկտալիտր գարեջուր։ Առաջին տարիներին ըմպելիքը հայտնի էր հիմնականում Ամստերդամի բնակիչներին։ Հիմնադրումից ընդամենը 13 տարի անց Amstel գարեջուրը սկսել է արտահանվել Անգլիա և հոլանդական գաղութներ։ 1892 թվականին արտադրությունն այնքան է ընդլայնվել, որ որոշվել է հիմնել բաժնետիրական ընկերություն։ Դրանից հետո արտադրությունը սկսել է արագ աճել։
1915 թվականին գործարանը գարեջրի արտադրությունն ավելացրել է 20 անգամ։ Առաջին համաշխարհային պատերազմը մեծապես չի ազդել Հոլանդիայի վրա, և, հետևաբար, ընկերությունը համեմատաբար հեշտությամբ է վերապրել պատերազմական դժվար ժամանակները: 1926 թվականին արտահանվող հոլանդական գարեջրի ավելի քան 30 %-ը եղել է Amstel բրենդինը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ևս շրջանցել է Հոլանդիան, երկրի տարածքում լայնամասշտաբ մարտեր չեն եղել։ Հետևաբար, նույնիսկ պատերազմի ժամանակ Ամստելը շարունակել է զարգանալ։ 1954 թվականին ընկերությունը սկսել է գարեջուր արտադրել Սուրինամում, որն այն ժամանակ հոլանդական գաղութ էր: Այդ ժամանակից ի վեր Amstel գարեջուրը շատ է տարածված Հարավային Ամերիկայում: Վեց տարի անց էլ Կուրակաո կղզում է կառուցվել մեկ այլ գործարան, որը նույնպես նախկին հոլանդական գաղութ էր։
Բացի այդ, 1954 թվականին ընկերությունը մտել է Մերձավոր Արևելքի շուկա։ 1963 թվականին գործարաններ են բացվել Հունաստանում և Պուերտո Ռիկոյում։ Ընկերության նման արագ զարգացումը չէր կարող ուշադրություն չգրավել։ 1968 թվականին Heineken-ն ավարտել է Amstel-ի հաջող կլանումը: Երկու ընկերություններն էլ միայն շահել են այդ միաձուլումից, թեև ոչ առանց որոշ կորպորատիվ զիջումների: Օրինակ՝ 1972 թվականին Ամստերդամի գործարանը փակվել է, և ամբողջ արտադրությունը տեղափոխվել է Զութերվուդ: Ներկայում Amstel ապրանքանիշը ամենաեկամտաբերներից մեկն է գարեջրերի Heineken ընտանիքում: Դրա արտահանման ծավալը կազմում է տարեկան մոտ 100 հեկտալիտր։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում