«Մեր տեխնոլոգիական ներուժը պետք է բազմապատկենք, նաև այս առումով շատ ենք կարևորում կրթությունը». «ԴիջիԹեք 2022»–ին 120-ից ավելի կազմակերպություն է մասնակցում
ЭКОНОМИКАՄարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը: Ցուցահանդեսի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։
«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում Team-ը հանդես է գալիս ընկերությունների խմբով՝ ներկայացնելով իր արտադրանքը, ծառայությունները և նոր տեխնոլոգիաները: «Թիմ» ընկերությունների խմբի համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ճեպազրույցի ընթացքում հիշեցնում է՝ ծավալներով այս տարվա «ԴիջիԹեքն» իր պատմության մեջ ամենամեծն է: «120-ից ավելի ընկերություններ, տաղավարներ են ցուցադրված, կոնֆերանսի 2000-ից ավելի մասնակից ունենք, 30-ից ավելի խոսնակներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից, իհարկե, ներկա են նաև մեր հայաստանյան գործընկերները: Ունենալու ենք շատ հետաքրքիր քննարկումներ՝ բազմազան ու հետաքրքիր թեմաներով: Քննարկելու ենք խնդիրներն ու հնարավորությունները: Մեր ամբիցիաները, որպես երկիր ու որպես միություն, նկատի ունեմ ԱՏՁՄ-ն, շատ մեծ են: Կարծում ենք, որ մեր տեխնոլոգիական ներուժը պետք է բազմապատկենք: Նաև այս առումով շատ ենք կարևորում կրթությունը: Տաղավարներով շրջելիս կարելի է ծանոթանալ մեր երկրում գործող կրթական ծրագրերին՝ այստեղ են «Արմաթը», «Թումոն», սկսնակ ընկերություններ, որոնք ցուցադրում են իրենց լուծումները: Մենք միշտ շեշտում ենք, որ կրթությունը մեր ապագան է: Ուրախ ենք, որ այս տարի նման ակտիվություն կա: «ԴիջիԹեքն» այն հարթակն է, որտեղ մեր ընկերությունները կարողանում են իրենց ստեղծածը ցուցադրել ամբողջ աշխարհին: Փորձելու ենք նաև այս մասին իրազեկել համաշխարհային մեդիայի միջոցով, որպեսզի մյուս երկրները ևս տեսնեն, թե ինչ զարգացում ունի մեր IT ոլորտը»,-նշում է Եսայանը: Տեղեկացնում է՝ ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից:
«ԴիջիԹեքի» ծավալներն այս տարի ավելացել են մոտ 20 տոկոսով, և, Եսայանի պնդմամբ, առհասարակ, ամեն տարի ավելանում է մասնակիցների թիվը, տաղավարների քանակը: «Եթե հարցնեք, թե գոհ ենք նրանից, ինչ ունենք Հայաստանում, մասնավորաբար IT ոլորտում, կարձագանքեմ՝ մեր ամբիցիաները պետք է ավելի բարձր լինեն: Որոշակի լավ արդյունքներ արդեն իսկ արձանագրել ենք: 3 մլն բնակչություն ունեցող երկիրն ունի մի քանի հայկական ընկերություն, որոնց արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Բայց պետք է ավելիին ձգտենք, դրա համար ԱՏՁՄ-ն շատ է կարևորում է կրթությունը»,-նշում է նա:
Արդեն երրորդ տարին է՝ ցուցահանդեսին զուգահեռ նաև կոնֆերանս է անցկացվում: «Կարծում եմ՝ այն նույնպես սկսում է կայանալ: Այն մեզ համար շատ կարևոր է, սա պլատֆորմ է, որտեղ ելույթ են ունենում խոսնակներ նաև արտասահմանից, իսկ սա ենթադրում է հայկական և արտասահմանյան ընկերությունների շփում: Կոնֆերանսների անցկացումը լինելու է մեր հիմնական ուղղվածություններից մեկը, այն հստակորեն էլ ավելի պետք է զարգացնենք»,-եզրափակում է «Թիմ» ընկերությունների համահիմնադիրը:
Լուսինե Առաքելյան