Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:
Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ:
Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:
Երևանում ընթացող առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը. 60 կգ քաշայինների եզրափակչում նա վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթողների պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: