Թուրքիայում տեղի են ունենում վերջին տարիների ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում մայիսի 14-ին մեկնարկել են երկրի վերջին տարիների պատմության թերևս ամենակարևոր և վճռորոշ ընտրությունները։ Ավելի քան 64 մլն մարդ այսօր կարող է իր վճռորոշ ձայնն ասել երկրի նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում։
Առավոտից ընտրատեղամասերում քվեարկողների պակաս չի երևում, բոլորը միաձայն նշում են, որ եկել են իրենց ձայնը ասելու՝ «հանուն Թուրքիայի ապագայի»։
Ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ու ընդդիմության միասնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և նրա գլխավորած քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության (CHP) միջև։
Արդեն իսկ ակնհայտ է, որ 2023-ի ընտրություններն աննախադեպ փորձություն են լինելու իսլամական և ազգայնական գաղափարախոսության կրող Էրդողանի համար, ով առաջադրվել է չորս կուսակցությունից բաղկացած Ժողովրդական դաշինքի կողմից։ 2003 թվականից ի վեր իշխանությունում գտնվող Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առավել քան երբևէ մոտ են իրենց բացարձակ իշխանությունը զիջելուն։ Պատճառները տարբեր են՝ տնտեսական ճգնաժամը (ինֆլյացիան գերազանցում է 43 տոկոսը), մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումներն ու ազատությունների սահմանափակումները, փետրվարի երկրաշարժը ու դրա ֆոնին ի հայտ եկած նոր կոռուպցիոն սկանդալները և այլն։
Փոխարենը նրա՝ արդեն երկար տարիների ընդդիմախոս Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի քան երբևէ այս ընտրություններում մոտ է լինելու հաղթանակին։ Վեց կուսակցություններից բաղկացած «Ազգային դաշինք»-ի կողմից առաջադրված քեմալական գործիչը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերացնել Թուրքիայում Էրդողանի հաստատած միանձնյա կառավարումը, վերականգնել խորհրդարանի լիազորությունները, ֆինանսական համակարգի անկախությունը և վերակենդանացնել տնտեսությունը։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենց հաղթանակի պարագայում երկիրը կվերականգնի արտաքին քաղաքական արևմտյան ուղղվածությունը, իսկ սիրիացի փախստականները կվերադարձվեն Սիրիա։ Ուշագրավ է, որ այս ընտրություններում Քըլըչդարօղլուին սատարելու մասին հայտարարել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը բավականին մեծ ընտրազանգված ունի երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում։
Ընդամենը մի քանի ժամից պարզ կլինի, թե արդյոք Էրդողանը, ով երկարամյա հետևողական քաղաքականության արդյունքում իր ձեռքում է կենտրոնացրել կառավարման բոլոր լծակները, այդ թվում և՝ վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի նկատմամբ, կկարողանա պահպանել Թուրքիան ամենաերկարը կառավարած առաջնորդի տիտղոսը։