«Կցանկանայինք առավել անկանխատեսելի հանգուցալուծմամբ ավարտել». Դիանա Գրիգորյանը՝ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի ավարտի մասին (լուսանկարներ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն ամիսներ շարունակ Արմենիա հեռուստաընկերության եթերում է Դիանա Գրիգորյանի «Կույր աշխարհ» հեռուստասերիալը, որը վերջին ամիսների ամենաքննարկվող նախագծերից է: Հեռուստասերիալի առաջին սերիան գերազանցել է 1 մլն դիտումը:
Այս շրջանում հեռուստասերիալի վերջին սերիաների նկարահանումներն են և նախագծի ավարտը մոտ է: Նշենք, որ Քրիստինե Հովհաննիսյանի և Գևորգ Մկրտչյանի կերտած կերպարների պատմության գիծն ավարտվել է:
Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսերը և սցենարիստը՝ Դիանա Գրիգորյանը պատմել է նախագծի ավարտի, զարգացումների և սկսնակ դերասանների աճի մասին:
«Շատ անսպասելի զարգացումներ կլինեն և իրականում կցանկանայինք, որ հանգուցալուծումը լիներ ավելի անսպասելի, բայց մենք ապրում ենք իրականության մեջ, որտեղ բացասական ալիքը գերիշխում է և մենք հասկացանք, որ պարտավոր ենք տալ դրական ավարտ, դրական լուծումներ: Այսօրվա մեր ճնշող իրականությունը խեղդում է և ցանկանում ենք, որ ունենանք դրական ավարտ: Սպասվում են հակասական հանգուցալուծումներ, քանի որ կարող են ոմանց գոհացնել, ոմանց ոչ: Փորձելու ենք արդար լուծումներ տալ, որոնք ևս հարաբերական են, բայց փորձելու ենք հեռուստադիտողին գոհացնել»,- ասաց Դիանա Գրիգորյանը:
Պրոդյուսերը նշեց, որ նպատակ ունեն ցույց տալ, որ ցանկացած խավարից հետո լույս է բացվում, իսկ հեռուստասերիալի հանգուցալուծումներն արդար են լինելու:
«Կույր աշխարհ» հեռուստասերիալում Դիանա Գրիգորյանը ներգրավվել էր նոր դեմքերի, որոնք հայտնիություն ստացան հենց հեռուստասերիալի շնորհիվ:
«Ես ուրախ եմ, քանի որ դերասանների հայտնիությունը նախագծի հաղթանակն է և այն արդարացված է, քանի որ նախագիծը վայելել է հեռուստադիտողի հոծ զանգվածի ուշադրությունը և սերը: Ուրախ եմ, որ նոր դերասանական անձնակազմը սիրվել է, սիրվել են նրանց կերտած կերպարները՝ դիպչելով հեռուստադիտողի սրտին: Շնորհակալ ենք հավատարիմ հեռուստադիտողին, որը ցուցաբերեց ակտիվ հետաքրքրություն բոլոր հարթակներում»,- եզրափակեց Դիանա Գրիգորյանը: