«Դժվար պայմաններ էին, երբ ես անհարմար հագուստով էի, բարձրակրունկներով և կեղծամով». Աստղիկ Սաֆարյանը՝ նոր տեսահոլովակի մասին (լուսանկարներ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը լսարանի դատին է հանձնել իր նոր՝ «Ուր է սերը» երգը և տեսահոլովակը: Երգչուհին Tert.am Life-ին է վստահել առաջին մանրամասները և դրամադրել BACKSTAGE լուսանկարներ:
«Ամեն բան իրականացրել ենք 4 օրում՝ պլանավորելով կերպարներս ու նշանակելով նկարահանման օր: Տեսահոլովակի նկարահանումները վստահեցի «TIR-Puctures»-ին: Բուն նկարահանումները տևել են 2 օր, որոնք հեշտ չէին, քանի որ բարդ կերպարանքով էի և ընտրել էինք բարդ լոկացիա: Առաջին կերպարը նկարահանելու համար գտել էինք լքված, բայց գունավոր ավտոբուս, որը Վայոց Ձորում էր և թիմի հետ ուղևորվեցինք այնտեղ և մի լավ տանջվեցինք: Դժվար պայմաններ էին, ես անհարմար հագուստով էի, բարձրակրունկներով, կեղծամով և այլն: Սկզբից շատ շոգ էր, հետո՝ երեկոյան՝ շատ ցուրտ: Բացի այդ, ստիպված էի առանց սանդուղքի բարձրանալ ավտոբուսի գլխին որտեղ նման բարձրակրունկներով շատ վտանգավոր էր անգամ շարժվելը, ուր մնաց երգել-պարելը: Մի խոսքով, անկախ դժվարություններից, առաջին օրը հաջող ավարտվեց»,- ասաց Աստղիկ Սաֆարյանը:
Տեսահոլովակի հետագա նկարահանումներն իրականացվել են Երևանում, բայց դրանք ևս լի են եղել արկածներով:
«Տեսարաններից մեկում պետք է լիներ բացօթյա համերգ, որին պետք է ներկա լինեին բազմաթիվ երիտասարդներ, բայց այդ օրը հորդառատ անձրև սկսեց: Նույն համերգային տեսարանը ստիպված եղանք մի քանի ժամում «ստեղծելու» TIR-Pictures-ի փակ ստուդիայի պայմաններում, և երիտասարդների մի մասին կարողացանք ներառել: Արդյունքում բացօթյա համերգի փոխարեն ստացանք ակումբային համերգի տեսարան: Մինչև գիշերը ժամը 2:00-3:00 նկարահանել ենք, իսկ ամենավերջին 7-րդ կերպարիս համար պետք է նկարահանեինք իմ սիլուետային բարդ մենապարը, բայց գիշեր էր և 6-րդ կերպարը փոխելիս ֆիզիկապես սպառված էի, բայց, այնուամենայնիվ կարողացա հավաքել ուժերս և նկարահանել ու լսարանի դատին հանձնել նման աշխատանք»,- մանրամասնեց երգչուհին՝ ընդգծելով, որ տեսահոլովակի հենց վերջին տեսարաններն էին ամենաբարդը:
Երգն ու տեսահոլովակը ռիթմիկ են և պարային:
«Երգը ռիթմիկ է, իսկ խոսքերը՝ ոգևորիչ, արթնացնող ու հորդորող՝ չափսոսալ սիրել և ամեն օրդ չվերածել կռվի, իսկ հետո ստիպված լինել սիրել հեռվից:Աշխարհը կլոր է ու գործում է բումերանգի օրենքը, այնպես որ պետք է սիրես, որ սիրվես։ Երաժշտության և խոսքերի հեղինակն ինքս եմ, գործիքավորումն ու միքսերն արել է Edelways-ը: Կերպարների գաղափարն իմն էր, բայց դրանք կյանք ստացան դիզայներների՝ Արմենի և Նարինեի շնորհիվ, երբ նրանց հանդիպեցի ու ներկայացրեցի գաղափարներս, դիզայներները շատ ուրախացան՝ նշելով, որ վաղուց էին նման բան ցանկանում: Ընդամենը 3 օրում, օր ու գիշեր շատ նվիրված ու սրտանց աշխատեցին, որ ստեղծեն այդ բարդ թրենդային ու նորաոճ ատրիբուտները, աքսեսուարներն ու զարդերը։ Շնորհակալ եմ իրենց այդ ջերմ ու ստեղծագործ մոտեցման համար, իսկ կերպարներիս համապատասխան դիմահարդարումներն արել է իմ մշտական դիմահարդար Լիդիա Ավետիսյանը, որը միշտ կողքիս է, և այս անգամ ևս ամեն կերպարի առումով փորձել է համապատասխան թրենդային դիմահարդարումներ անել»,- եզրափակեց Աստղիկ Սաֆարյանը: