Մոլախոտը՝ որպես անփոխարինելի «գործիքակազմ» գարեջրագործների համար. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գարեջուր արտադրողներն ունեն այնպիսի հսկայական գործիքակազմ, որին կնախանձեին նույնիսկ նկարիչները։ Հնարավոր է հսկայական համային գունապնակ ստանալ մեծ քանակությամբ ածիկային տեխնոլոգիաների և գայլուկի բազմաքանակ տեսակների շնորհիվ: Ինչպես համտեսողներն են ասում, գայլուկն է ստեղծում գարեջրի մարմինը, այսինքն՝ նրա խտությունն ու համի հարստությունը։ Գայլուկը գարեջրի հոգին է: Իսկ իրականում այն գաղձազգիների ընտանիքի մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վազի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի մակաբույծ։ Գարեջրագործների համար արժեք ունեն գայլուկի միայն կոները՝ իգական ծաղկաբույլերը: Գայլուկի բաղադրության բոլոր միացությունները կարելի է բաժանել չորս խմբի. -Ալֆա թթուներ. դրանք են տալիս դառը համը, որը լրացնում է ածիկի քաղցրությունը:
Բացի այդ, նրանք ունեն հակաբակտերիալ հատկություններ: Սակայն ալֆա թթուներն իրենց առավելագույն ազդեցությունը տալու համար պետք է անցնեն իզոմերացման գործընթաց, որը տեղի է ունենում գայլուկի մարսման ժամանակ։ -Բետտա թթուներ. դրանք պատասխանատու են գարեջրի բոլոր սիրահարներին ծանոթ համի համար: Բայց ջերմային մշակման ժամանակ դրանք ոչնչանում են, և դա գարեջրագործների համար դժվարություններից մեկն է՝ պահպանել ալֆա և բետտա թթուները։ -Եթերային յուղեր. դրանք պատասխանատու են յուրահատուկ համերի համար, որոնցով տարբերում են տարբեր գարեջրերը: Հենց դրանք են գարեջրին տալիս դեղաբույսերի, խեժի, ցիտրուսների կամ համեմունքների բույր և համ։
Եթերային յուղերը նույնպես քայքայվում են տաքացման ժամանակ։ -Տանիններ. դրանց հիմնական գործառույթը սպիտակուցների նստեցումն է, ինչի արդյունքում գարեջուրը ժամանակի ընթացքում չի պղտորվում։ Բետտա թթուների և եթերայուղերի պահպանման խնդիրը լուծվում է գայլուկի մի քանի տեսակների օգտագործմամբ։ Գոյություն ունի գայլուկի տեսակների պայմանական դասակարգում: Կան դառը, անուշաբույր և ունիվերսալ տեսակներ: Առաջինները շատ են պարունակում ալֆա թթուներ: Անուշաբույր տեսակները, ինչպես ենթադրում է անունը, պարունակում են շատ բետտա թթուներ և եթերային յուղեր: Այդ տեսակները կարճ են խմորում, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են արդեն պատրաստի կախույթին։ Ունիվերսալ տեսակները, որոնք այսօր ամենատարածվածն են, ունեն բոլոր անհրաժեշտ նյութերի հավասարակշռված պարունակություն: Այդ տեսակի գայլուկը գարեջրի պատրաստման գործընթացում ավելացվում է երկու անգամ։ Բացի այդ, գայլուկները բաժանվում են ազնվածին և սելեկցիոն տեսակների:
Ազնվածին տեսակները վայրի գայլուկի անմիջական ժառանգներն են։ Դրանք, բնականաբար, առաջացել են տարբեր տարածքներում և առավել հաճախ կոչվում են այն վայրերի անուններով, որտեղ աճել են, օրինակ՝ Hallertauer-ը աճել է Բավարիայի Հալերտաու շրջանում: Ամենահայտնի տեսակներից են Ժատեցկի, Տետնանգեր, Շպալտեր և այլ տեսակների գայլուկները։ Ազնվական գայլուկների հիման վրա մշակել են հսկայական քանակությամբ նոր տեսակներ, որոնցից մի քանիսն ունեն զարմանալի հատկություններ: Օրինակ՝ անգլիական Bramling Cross-ն ունի սև հաղարջի համ, գերմանական Opal-ը՝ պղպեղի և ցիտրուսի, իսկ ավստրալական Green Bullet-ը՝ կիտրոնի-սոճու բույր: Աշխարհում գարեջրի բազմաթիվ տեսակներ կան, գայլուկների տեսականու առկա բազմազանությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ դեռ ամեն հնարավոր տեսակի գարեջուրը չէ, որ համտեսվել է։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում