Մոսկվան դիվանագիտական խողովակներով դեմարշ է հայտարարել Բաքվին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտնել Բաքվին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր տարածաշրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունների պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների բնույթին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրությունները չունեն իրավական ուժ։
«Նման գնահատականները մեր կողմից չեն կարող ընդունվել, դրանք անընդունելի գնահատականներ են և չեն համապատասխանում մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին: Ուստի ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով դեմարշ է հայտարարվել։ Մենք ամեն ինչ արտահայտել ենք այս կապակցությամբ»,- ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված ճեպազրույցում:
«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի այն նույն հարգանքով, ինչը մեր գործընկերներն ակնկալում են մեր կողմից, երբ խոսք է գնում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին։ Կարծում եմ` նոր տարածաշրջանների պատմությունը մեր ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն», – հավելել է դիվանագետը։
Ռուսաստանի տարբեր մարզերում սեպտեմբերի 10-ը հայտարարվել էր քվեարկության միասնական օր։ Առաջին անգամ քվեարկությանը մասնակցում էին նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, որտեղ ընտրում էին նահանգապետների և խորհրդարանների պատգամավորների։