«Տղամարդու վերջին հրաժեշտի ժամանակ ներկա են լինում նրա 4 սիրուհիները, օրինական կինն ու սիրելի դուստրը»․ կայացել է «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիրան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 14–ին կայացել է «Սևազգեստ կանայք» կատակերգական ժանրի ֆիլմի պրեմիերան. ֆիլմն յսօրվանից բարձրանալու է մեծ էկրաններ։ Հայ հայտնիները, ամբողջովին սևազգեստ, անցել են կարմիր գորգով, ինչպես նաև բացառիկ մանրամասներ հայտնել սպասված նախագծի վերաբերյալ:
Զավեշտալի իրադարձությունները ֆիլմում տեղի են ունենում մեծահարուստ մի մարդու հոգեհանգստի ժամանակ: Խառնաշփոթային իրավիճակ է սկսվում, երբ վերջինիս հոգեհանգստին անսպասելիորեն հայտնվում են բոլոր այն 4 կանայք, որոնց հետ տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է եղել:
Tert.am Life–ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները։
Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է Արտյոմ Մարկոսյանը, որը հանուն դերի ներկել էր մազերն ու ժամեր շարունակ անցկացրել դագաղում: Դերասան խոսքով՝ այս ֆիլմի համար արել է երկու բան, որը նախկինում չէր փորձել՝ ներկել մազերն ու պառկել դագաղում։
«Շատ տեսարաններ ենք ունեցել դագաղի հետ կապված, որտեղ պառկած եմ եղել ժամեր շարունակ։ Գուցե հեռուստադիտողին թվա, որ հեշտ է պառկած լինել, բայց պետք էր չշնչել, որպեսզի մարմինը լինի անշարժ։ Նկարել ենք ամռանն ու պատկերացրեք՝ փակ տարածքում, որտեղ կա հատուկ լուսավորություն, դու անշարժ պառկած ես այդ նեղ տարածքում, բայց կարծում եմ՝ միանշանակ արժեր դերի համար գնալ այդ զոհողությանը»,– նշել է դերասանը։
Գլխավոր հերոսը՝ Ալբերտը, ունի 4 սիրուհի, որոնց շուրջ էլ կառուցվում է պատմությունը։ Նախագծի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը նշել է, որ ֆիլմի առանցքում հենց դավաճանության խնդիրն է։
«Մենք ցույց ենք տալիս, որ հերոսն ունեցել է 4 սիրուհի, որոնցից յուրաքանչյուրին սիրել է տարբեր կերպ, բայց ֆիլմի ավարտին մենք ցույց ենք տալիս՝ ում է նա իրականում անվերապահորեն սիրել»,– ասել է Գոռ Կիրակոսյանը։
Ինչպես գիտենք՝ ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին, բայց, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, պրեմիերան անժամկետ հետաձգվել է։ Ասուլիսի ընթացքում ռեժիսորը նշել է՝ եթե ֆիլմը նկարեին հիմա, դերասանական կազմը կմնար անփոփոխ, սցենարը՝ ևս։
Նախագծում ներգրավված են դերասաններ Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Արտյոմ Մարկոսյանը:
Հանգուցյալի կնոջը մարմնավորում է Ելենա Վարդանյանը, որի խոսքով՝ բարդ էր հայերեն ծավալուն տեքստեր սովորելը։
«Ես պայքարել եմ այս դերի համար, քանի որ հենց առաջին փորձի ժամանակ հասկացա՝ այս դերը պետք է իմը լինի, սկսեցի ամեն բառ թարգմանել, գրել ռուսերեն տառերով և սովորել։ Կարծում եմ, որ երկարատև փորձերից հետո ամեն բան ստացված էր և կարողացել ենք որակյալ աշխատանք հանձնել հեռուստադիտողի դատին»,– նշել է Ելենա Վարդանյանը։
Այս ֆիլմում համարձակ կերպարով է ներկայանում Ռոմելա Սարգսյանը, որը մարմնավորում է մերկապարուհու։ Դերասանուհին պատմել է, որ ամիսներ շարունակ պարի է գնացել։
«Ինձ դիտարկում էին այլ դերի համար, բայց որոշվեց, որ պետք է մարմնավորեմ 4–րդ սիրուհուն, որը զբաղվում է նկարչությամբ, բայց գումար վաստակում մերկապարուհի լինելով։ Կարծում եմ, որ այդ կարգավիճակը ևս արդարացված է»,– ասել է Ռոմելա Սարգսյանը։