Նոր համաձայնագիր է կնքվելու և հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկայում. Քերոբյան
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապագայում Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ կկնքվի սննդի անվտանգության վերաբերյալ համաձայնագիր, որը թույլ կտա, որ հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն ունենան ԱՄԷ շուկայում, ինչը կարեւոր քայլ է արտահանման խթանման համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Բացի այդ, մենք աշխատում ենք մեր իրանից գործընկերների հետ, որպեսզի տրանզիտը Իրանով դեպի Ծոցի երկրներ հեշտանա եւ դառնա ավելի մատչելի: Այդ ուղղությամբ աշխատանքներ կան, նաեւ արտահանում կա, ուղղակի մեր նպատակն է այնպես անել, որ լոգիստիկ կապերի լավացման միջոցով մենք առեւտուրը դարձնենք ավելի անկաշկնդ եւ ավելի ծաղկող: Բացի ապրանքների ազատ առեւտրից, մենք հիմա մոտ ապագայում ԱՄԷ-ի հետ կկնքենք ծառայությունների եւ ներդրումների ազատ առեւտրի համաձայնագիրը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրին, Քերոբյանը նշեց, որ այստեղ գլխավոր դերակատարը ԵԱՏՄ-ի կողմից Ռուսաստանն է, իրենք են գլխավոր բանակցողը. «Բայց մենք ուշադիր հետեւում ենք, որ Հայաստանի շահերը պատշաճ ձեւով պաշտպանվեն: Ցանկացած տիպի առեւտրի հեշտացում բերում է տվյալ երկու երմրների ժողովուրդներին ավելի մեծ բարեկեցություն, ավելի լավ տնտեսական կապեր ու հնարավորություններ»,-ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։