«Տատիկս ինձնից շատ է անհանգստացել՝ իմանալով, որ բացասական դեր պետք է կերտեմ». Էվելինա Շահիրյանը՝ «Սև արկղ» նախագծում ներգրավվելու մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն ամիսներ շարունակ Ա-Թիվի հեռուստաընկերության եթերում է «Սև արկղ» հեռուստասերիալը, որն ունի նոր զարգացումներ՝ ներգրավվելով նոր դերասանուհու: Դերասանական անձնակազմը համալրվել է. հեռուստասերիալում նկարահանվում է երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանը, որն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին:
«Նախագծի ռեժիսորից՝ Հովհաննես Ղազարյանից ստացել եմ առաջարկը: Նա ներկայացրեց, որ հեռուստասերիալում սպասվում են զարգացումներ, որոնք լինելու են հենց հերոսուհու ձեռամբ: Գիտեմ, որ նախագծի պրոդյուսերը՝ Ելենա Արշակյանն իր թիմի հետ քննարկել է տարբեր դերասանուհիների ներգրավվումը, բայց վերջնարդյունքում որոշում է կայացվել, որ ես մարմնավորեմ թոռնուհուն»,- ասաց Էվելինա Շահիրյանը:
Նշենք, որ հեռուստասերիալում կրտսեր Էվելինա Շահիրյանը մարմնավորում է ավագ Էվելինա Շահիրյանի հերոսուհու թոռնուհուն:
«Հեշտ է, երբ կադրում և կադրից դուրս հարազատ մարդիկ են, քանի որ ես կարևորում եմ նրանց կարծիքը: Նախկին նախագծերի ժամանակ ես անհամբեր սպասում էի՝ երբ կգնա եթեր, ցույց տամ նրանց սերիաներն, իսկ այժմ նրանք իմ կողքին են և հենց նկարահանման պահին կարողանում են դիտարկումներ անել: Ասեմ՝ տատիկն ինձնից անհանգիստ էր, քանի որ մարմնավորածս կերպարը ոչ մի առնչություն չունի ինձ հետ ու պատմում էր, որ նախորդ գիշեր անհանգստությունից չէր քնել, բայց, երբ եկանք և փորձեցինք տեսարաններն ասաց՝ սիրտս հիմա հանգստացավ»,- ասաց նա:
Այս հեռուստասերիալում դերասանուհին մարմնավորում է բացասական խառնվածքով աղջկա, որին միայն հետաքրքրում է իր սեփական շահը:
«Ես շատ էի ցանկանում մարմնավորել բացասական կերպար, որն ինձ հետ չէր ունենա առնչություն, քանի որ այդ պարագայում խաղալը բարդ է, բայց միաժամանակ հետաքրքիր: Նախկինում հեռուստադիտողը տեսել է կերպարներ, որոնք ինձ նման են: Մեծամասամբ դերասանուհիները ևս ցանկանում են հանդես գալ բացասական դերերում, քանի որ այստեղ գույները շատ են»,- մանրամասնեց դերասանուհին:
Էվելինա Շահիրյանի խոսքով մինչ այս պահը գործընկերներից ստացել է միայն դրական արձագանքներ:
«Ես կարևորում եմ գործընկերներիս կարծիքն ու այս փուլում ստացել եմ դրական արձագանքներ նրանցից, բայց օգտատերերի կողմից տեղատարափ է բացասական մեկնաբանությունների, բայց, ինչպես ասում է տատիկս՝ դա փաստում է մի բանի մասին, որ դերը լավ եմ կերտում»,- եզրափակեց դերասանուհին: