Մենք կանցնենք, կգնանք, այս ամենը կանցնի և կգնա, բայց լեռները կհիշեն. Ռոմելա Սարգսյանը, Հակոբ Տեր-Վարդանյանը, Լիա Զախարյանը և այլք՝ նոր հեռուստանովելում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հեռուստանովել, որում ներկայացվում է հայրենիքը, որը կանգնած է լեռների վրա և մարդիկ, որոնք ամուր ուզում են կանգնել ամենաբարձր կետին՝ նայելով հայրենիքին: Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգն այսօր՝ 22:20-ին լսարանի դատին կհանձնի «Լեռները կհիշեն» հեռուստասերիալը: Դերասանական կազմն արդեն հասցրել է նկարահանումներ ունենալ Սյունիքում՝ բարձրանալով Խուստուփ, գլխավոր դերասաններից մի քանիսը նաև նկարահանումներ են ունեցել Մոսկվայում, իսկ Երևանում ընթացող նկարահանումներից մեկին ներկա է եղել նաև Tert.am Life-ը:
Նախագծի ռեժիսոր Ելենա Արշակյանը նշում է, որ նրա և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի համատեղ նախագծերի առանցքում հայրենիքն է և ընտանիքը, բայց այս նախագծում հերոսները ոչ միայն պատմելու են հայրենիքի և ընտանիքի մասին, այլ նաև ներկայացնելու են Հայաստանի գողտրիկ անկյունները:
«Մենք ապրում ենք շատ ծանր և ողբերգական օրեր, իսկ դա չէր կարող ազդեցություն չունենալ նախագծի վրա: Մենք կանցնենք, կգնանք, այս ամենը կանցնի և կգնա, բայց լեռները կհիշեն: Ոչինչ պատահական չէ, սկսած վերնագրից և այս հեռուստանովելում մենք խոսելու ենք հայրենադարձության, հայրենիքի, սիրո և ընկերության մասին՝ ցույց տալով, որ ատելության վրա հիմնված ցանկացած երևույթ մի օր քանդվելու է և ևս մեկ անգամ նշենք, որ ցանկացած հաջողություն միասնության մեջ է»,- ասաց Ելենա Արշակյանը:
Այս նախագծում հեռուստադիտողը տեսնելու է, թե՛ ծանոթ դեմքերի, թե՛ սկսնակ դերասանների: Որոշակի դադարից հետո Ռոմելա Սարգսյանը վերադարձել է՝ դիմելով արտաքին փոփոխությունների և այս նախագծում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Դերասանուհու խոսքով՝ այս հեռուստատեսային դադարն անհրաժեշտ էր, թե՛ իրեն, թե՛ հեռուստադիտողին:
«Այս թիմի հետ աշխատանքին ես ծանոթ եմ՝ ստանալով առաջարկ հասկացա, որ իսկապես ուզում եմ վերադառնալ, քանի որ անսահման սիրում եմ իմ աշխատանքն ու այն ամենն ինչ անում եմ: Կերպարս ևս գրավիչ է, քանի որ սցենարին ծանոթանալով հասկացա՝ ինչպիսի զարգացումներ են սպասվում հերոսուհուս, որը մեծացել է շատ փափուկ պայմաններում, բայց բախվում է որոշակի դժվարությունների՝ ունենալով բեկումնային պահեր իր կյանքում: Կարևոր հանգամանք է նաև դերասան Գևորգ Գրիգորյանի հետ աշխատանքը, որի հետ նախկինում ունեցել ենք համատեղ աշխատանքներ: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք փոխանցել նախագծի գաղափարը հեռուստադիտողին»,- նշել է Ռոմելա Սարգսյանը:
Այս հեռուստանախագծի գլխավոր հերոսներից է նաև Հակոբ Տեր-Վարդանյանը, որը հեռուստանովելում մարմնավորում է լեռնագնացի, իսկ իրական կյանքում դերասանն ունի ֆոբիա բարձրությունից: Մեզ հետ զրույցում Հակոբը պատմեց՝ ինչպես է կարողացել նախագծի շրջանակում հաղթահարել վախերը հանուն դերի և տեսարանների:
«Հերոսիս անունն Արարատ է, որը լեռնագնաց է, սիրում է բնությունը և իրական ներդաշնակություն է զգում, երբ կարողանում է հաղթահարել բարձրունքը: Երբ դիտարկում էին ինձ այս հերոսին մարմնավորելու համար սկզբում եղել են հստակ մտավախություններ, քանի որ ես ունեմ ֆոբիա բարձրությունից և նախորդ նախագծերում անգամ, երբ եղել են փոքր տեսարաններ, որտեղ ես եղել եմ բարձրության վրա ես հրաժարվել եմ: Չեմ կարող նկարագրել՝ ինչ զգացողություններ եմ ունեցել Խուստուփ բարձրանալիս, քանի որ եղել են հստակ տեսարաններ, որ պետք է բարձունքը հաղթահարեի, բայց ուրախ եմ, որ կարողացա մի կողմ դնել վախերս և նկարահանվել»,- ասաց Հակոբ Տեր-Վարդանյանը:
Մեզ հետ զրույցում Հակոբ Տեր-Վարդանյանը և Ելենա Արշակյանը բացահայտեցին, որ այս փորձից հետո հստակ ցանկություն են ունեցել նաև բարձրանալ և նկարահանում ունենալ Արարատի վրա: