Տենորի-օն կամ՝ ձայն ափի մեջ. արդյո՞ք յուրաքանչյուր ոք կարող է նվագել․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Տենորի-օնը էլեկտրոնային երաժշտական գործիք է: Տենորի բառը ճապոներենից թարգմանվում է որպես «ձայն ափի մեջ»: Ճապոնացի նկարիչ և ինժեներ Տոշիո Իվայը և Յու Նիշիբորին են 2005 թվականին Լոս Անջելեսի «SIGGRAPH» ցուցահանդեսում առաջին անգամ հանրությանը ներկայացրել այդ երաժշտական գործիքը: 2006 թվականին Փարիզում տեղի է ունեցել տենորի-օնի շնորհանդեսը, որտեղ բոլորը հնարավորություն են ունեցել մանրամասն ծանոթանալ այդ նորամուծությանը: 2006 թվականի հուլիսին «Futuresonic» խմբի համերգին տենորիօնը բարենպաստ տպավորություն է թողել ներկաների վրա, և հանդիսատեսը անթաքույց հիացմունքով է ընդունել նոր գործիքը: Դա էլ հենց դարձել է զանգվածային սպառողի համար նոր երաժշտական գործիքի արտադրության մեկնակետը:
2007 թվականին Լոնդոնում սկսել են առաջին վաճառքները, առաջին գործիքը վաճառվել է 1200 դոլարով: Տենորի-օնի տարածման համար գովազդային նպատակներով էլեկտրոնային երաժշտությամբ փորձեր կատարող հայտնի երաժիշտներ են հավաքագրվել՝ ձայնագրելու դեմո-տրեկներ: Ներկայում այդ կոմպոզիցիաները կարելի է գտնել գործիքի պաշտոնական կայքում: Տենորի-օնն, ըստ էության, ապագայի երաժշտական գործիք է համարվում: Արտաքինից այդ գործիքը նման է վահանակային տեսախաղի՝ էկրանով պլանշետ, վազող վառ լույսեր: Սարքը թույլ է տալիս մուտքագրել և պահպանել կոմպոզիցիաներ: Իր հայտնվելուց ի վեր տենորի-օնի արտաքին տեսքը գործնականում չի փոխվել, ներկայում այն քառակուսի դիսփլեյ է, որը ներառում է լուսադիոդներով 256 հպման կոճակ: Այս գործիքի օգնությամբ կարելի է ստանալ բազմաձայնային էֆեկտներ:
Դա անելու համար պետք է մուտքագրել նոտաները 16 ձայնային «նկարների» համար, այնուհետև դրանք դնել մեկը մյուսի վրա: Սարքը հնարավորություն է տալիս ստանալ 253 հնչյունի տեմբր, որոնցից 14 -ը պատասխանատու են թմբուկի հատվածի համար: Տենորի-օնի էկրանի վրա կա 16x16 լուսադիոդային անջատիչների ցանց, որոնցից յուրաքանչյուրն ակտիվանում է տարբեր կերպ՝ ստեղծելով երաժշտական կոմպոզիցիա: Սարքի պատյանի վերին եզրին տեղադրված են երկու ներկառուցված բարձրախոսներ: Ձայնի բարձրությունն ու ժամանակի ընթացքում հարվածների քանակը վերահսկվում են սարքի վերին կոճակների միջոցով: Բացի այդ, պատյանի աջ և ձախ կողմերում կան այլ գործառական կոճակներ: Յուրաքանչյուրին սեղմելը ակտիվացնում է անհրաժեշտ երաժշտության համապատասխան շերտերը: Երաժշտությունը ընթացքում կարելի է հագեցնել և ավելի հարուստ դարձնել:
Տենորի-օնը հագեցած է հաղորդակցության գործառույթով, ինչը հնարավորություն է տալիս փոխանակել երաժշտական ստեղծագործություններ տարբեր նմանատիպ գործիքների միջև: Այս գործիքի առանձնահատկությունն այն է, որ դրանում ձայնը վիզուալացվում է, դառնում է տեսանելի: Սեղմակները սեղմելիս դրանք լուսավորվում և բռնկվում են, այսինքն՝ ստացվում է անիմացիայի անալոգ: Մշակողները շեշտում են, որ տենորի-օնը չափազանց հեշտ է օգտագործել: Գործիքի ինտերֆեյսը պարզ և ինտուիտիվ է: Սովորական մարդը, միայն կոճակները սեղմելով, ունակ է երաժշտություն նվագել և ստեղծագործություններ գրել:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում