«Մալենայի կյանքի նպատակը դառնում է վրեժը». Անի Երանյանը՝ նոր հեռուստանախագծի և իր դերի մասին (լուսանկարներ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 30-ից «USArmenia TV»-ի եթերում շաբաթական 2 անգամ ցուցադրվելու է 16 մասից բաղկացած նոր հեռուստանախագիծը՝ «Մալենա» կրիմինալ դրաման, որի գլխավոր հերոսուհին է դերասանուհի Անի Երանյանը: Դերասանուհին նախագծի առաջին մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները վստահել է Tert.am Life-ին:
«Այս ֆիլմում ներկայացված է մի աղջկա կյանքի պատմություն, որի ծնողներին սպանել են հենց իր աչքի առաջ: Գլխավոր հերոսուհին՝ Մալենան, մեծանում է վրեժով և կյանքի միակ նպատակը դառնում է վրեժը՝ իր շուրջը հավաքելով մարդկանց, որոնք կօգնեն նրան հասնել նպատակին և լուծել վրեժը»,- ասաց նա:
Դերասանուհին մանրամասնեց, որ հեռուստաֆիլմում նաև ներգրավված է ստեղծագործական աշխատանքում և նախագծի մտահաղացումն իրենն է և Սոս Կարապետյանինը: Նշենք, որ նրանք վերջերս ներկայացրել են «Գործարք Վեգասում» հեռուստանախագիծը, որտեղ Անի Երանյանը մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն:
«Այս պարագայում աշխատանքի պատասխանատվությունը կրկնապատկվում է: Այս փորձը շատ կարևոր էր, քանի որ չէինք ցանկանում պարզապես նկարել ֆիլմ, մենք ունենք նպատակ լսարանի դատին հանձնել որակյալ աշպատանք, որն ունի բազմաթիվ թելեր, որոնք պետք է միահյուսել: Այս փուլում կարծում եմ՝ ստացվել է»,- նշեց դերասանուհին:
Նախագիծը նկարահանվել է Երևանում, Լոս Անջելեսում և Մայամիում: Անի Երանյանը նշեց, որ նման բարդության ֆիլմի համար անհրաժեշտ էր պրոֆեսիոնալ և փորձառու թիմ: Դերասանուհին նաև պատմեց, որ ֆիլմում նկարահանվել է կանադացի դերասան Դեմետրիուս Ջոյետտեն:
«Սցենարը վստահել ենք Մաղաքյան Անիին, ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է: ԱՄՆ-ում ռեժիսոր գտնելը բարդ խնդիր է, բայց այս աշխատանքում մենք ունեինք նաև 2-րդ ռեժիսոր, որն Անի Միսակյանն էր: Ֆիլմի և զգեստի նկարիչներ այստեղ ևս բարդ է գտնել, բայց նախագծի հիանալի ոճն ու գույները ստեղծեց «Լa Lemona»-ն: Շնորհակալ եմ թիմի բոլոր անդամներին անսահման հիանալի ու պրոֆեսիոնալ մոտեցման համար: Հետաքրքիր փորձ ենք ունեցել, քանի որ ֆիլմում հրավիրել ենք ազգությամբ կանադացի դերասանի՝ Դեմետրիուս Ջոյետտեին, որի հետ աշխատելն ուղղակի հաճույք էր, մոտեցումն աշխատանքին և պրոֆեսիոնալիզմն ուղղակի ապշեցրել էր բոլորիս»,- ասաց Անի Երանյանը:
Դերասանուհու խոսքով՝ ֆիլմում առկա են բարդ տեսարաններ պայմանավորված հեռուստաֆիլմի ժանրով:
«Բարդությունները բավականին շատ էին, թե՛ տեսարանների, թե՛ լուծումների առումով: Ինչպես նշեցի նաև շատ կարևոր էր, որ ստանայինք լավ ու խաղարկային կադրեր, կարծում եմ՝ թրեյլերից պարզ է աշխատանքի որակը: Մեծ սպասելիքներ ունենք հանդիսատեսի արձագանքից»,- եզրափակեց Անի Երանյանը: