Մարջան Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը և Լևոն Հախվերդյանը՝ «Վարձով ընտանիք» նոր սիթքոմում (լուսանկարներ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 9-ին՝ Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Վարձով ընտանիք» նոր սիթքոմը, որի գլխավոր դերակատարներն են Մարջան Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Լևոն Հախվերդյանը և Արման Նավասարդյանը: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է մանրամասներ ու BACKSTAGE լուսանկարներ:
Սիթքոմը պատմում է մի երիտասարդի մասին, որը գալիս է Հայաստան իր հայրական տուն, բայց տեսնում է, որ այնտեղ բնակվում է մեկ այլ ընտանիք: Գլխավոր հերոսին՝ Հենրի Սահակյանին մարմնավորում է թատրոնի և կինոյի դերասան Լևոն Հախվերդյանը, որին հեռուստադիտողը ճանաչում է տարբեր ներկայացումներից և «Գարուն ա» ֆիլմից, չնայած դերասանը տևական ժամանակ է ինչ ոլորտում է, բայց նման ժանրում սա իր առաջին փորձն է:
«Ինձ համար նորություն է սիթքոմում նկարահանվելը, գրեթե չէի պատկերացնում՝ ինչպես են ընթանում նկարահանումները և սա մարտահրավեր էր ինձ համար: Հետաքրքիր է նման մթնոլորտում աշխատելը: Երբ ծանոթացա սցենարին հասկացա, որ սիթքոմն իր սցենարական լուծումներով տարբերվում է տեսակով, հումորով և իմ կերպարը որոշում է իր հոգեբանական թերապիայի շրջանակում գալ Հայաստան և «բուժել» իր տռավմաները հայրական տանը, բայց գալիս և տեսնում է, որ այստեղ կա մեկ այլ ընտանիք, իսկ այստեղից էլ սկսվում է պատմությունը»,-նշեց Լևոն Հախվերդյանը:
Ընտանիքի մոր դերում է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, որը նախագծում նկարահանվում է տևական դադարից հետո: Դերասանուհին նշեց, որ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված երբեմն բարդ է լինում աշխատել, բայց նկարահանման հրապարակում տրամադրությունն այլ է, իսկ թիմը՝ պրոֆեսիոնալ: Նշենք նաև, որ «Գարուն ա» ֆիլմում ևս Մարջան Ավետիսյանի հերոսուհին Լևոն Հախվերդյանի հերոսի մայրն էր:
«Տարբեր զգացողություններ եմ ունեցել, երբ եկել եմ նկարահանման հրապարակ, քանի որ տևական դադար էր ինձ մոտ, բավական ժամանակ է նաև, որ նման ժանրում չէի խաղացել, բայց հաճելի վերադարձ էր, թիմը պրոֆեսիոնալ է: Հերոսուհիս էլ ակտիվ, ճարպիկ կերպար է, որին իրականում երբեմն կարոտում եմ և կարծում եմ, որ հեռուստադիտողը կասոցացնի նախորդ կերպարի հետ, բայց այստեղ իրադրությունն ու պատմությունն այլ են: Գեղարվեստական ֆիլմում աշխատել էինք Լևոնի հետ, բայց դերասանները կվստահեցնեն, որ նախորդ նախագծերի հետ ասոցիացիաներ չեն լինում»,- նշեց Մարջան Ավետիսյանը:
Ընտանիքի ավագ դստերը մարմնավորում է Էմմա Սապունջյանը, որը նշում է՝ հերոսուհին ունի 2 անուն:
«Հերոսուհիս Էսթերն է, նույն ինքը՝ Հերիքնազը, իսկ, թե ինչու՝ հեռուստադիտողը կհասկանա մի փոքր ուշ: Կարող եմ ասել, որ հերոսուհիս այս ընտանիքի խիղճն է, որը դեմ է գնում ծնողների կայացրած որոշմանն ու ազնիվ քայլերի կողմնակիցն է: Հետաքրքիր է՝ երբ կարդում էի սցենարը մտածում էի, որ ես ինքս մեծ հետաքրքրությամբ կմասնակցեի ընտանեկան նման իրարանցմանը, բայց հերոսուհիս դեմ է այդ ամենին: Արդեն ունեմ փորձ նման ժանրում, դերասաններից շատերին ճանաչում եմ և այս օրերի ընթացքում ևս հասցրել ենք ճանաչել իրար: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում իմ և Լևոնի հերոսների միջև և բավականաչափ հետաքրքիր ավարտով»,- նշեց Էմմա Սապունջյանը: