Աստղերը կարմիր գորգի վրա՝ օդաչուական բաճկոններով. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջերս ավելի ու ավելի շատ մոդելավորողներ են իրենց աշնանային և ձմեռային հավաքածուները համալրում, այսպես կոչված, բոմբեր բաճկոններով, որոնք, ըստ էության, մինչև գոտկատեղը հասնող և թևերին առաձգական ժապավեններով անջրանցիկ թիկնոցներ են: Սակայն քչերը գիտեն, որ այդ բաճկոնի «բոմբեր» մոդայիկ անվան հետևում սովորական «օդաչուական» բաճկոնն է: Ի սկզբանե այդ բաճկոնները ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչուների համար։ Ժամանակակից բոմբեր բաճկոնների անմիջական «նախահայրը» MA-1 օդաչուական բաճկոնն է (անգլերեն flight jacket), որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1955 թվականին։ Առաջին բոմբեր բաճկոնները պատրաստվել են ձիու կաշվից:
Իսկ ինչո՞ւ է այն կոչվել «բոմբեր»: Այդ անվանումը տրվել է այդ բաճկոններին, քանի որ դրանք կրել են ծանր ռմբակոծիչների օդաչուները: Նաև այն ժամանակ այդ հագուստի տարբերակիչ հատկանիշը եղել է ներքին նարնջագույն երեսպատումը։ Այն ունեցել է բավականին կարևոր գործառույթ։ Արտակարգ իրավիճակում հայտնված օդաչուին հեշտ չէ նկատել խունացած պաշտպանիչ հագուստով: Հետևաբար, ներսից նարնջագույն թեթև նեյլոնով երեսպատած բոմբեր բաճկոնը կարելի էր շրջած հագնել, և օդաչուին ավելի հեշտ կգտնեն ու օգնություն ցույց կտան: Հետագայում՝ 80-ականներին, նման բաճկոնները հայտնի են դարձել քաղաքացիական անձանց շրջանում, 90-ականներին հայտնվել են կանանց բոմբեր բաճկոններ, որոնք էլ արագորեն թրենդային են դարձել։ Կան 3 տեսակ բոմբեր բաճկոններ:
Դասականը կարվում է կաշվից, երբեմն ներսից մորթիով երեսպատված: Դա ամենաշատն է նման հին ժամանակների բոմբերներին և լինում է տարբեր գույների: Լցոնված բոմբերները տարբերվում են նրանով, որ ջերմամեկուսացնող հատկությունը ավելացնելու համար այն լցոնված է լինում փետուրով։ Սպորտային բոմբերը նման է ժամանակակից օլիմպիական բաճկոններին, բայց կոճակներով է։ Բոմբերները հսկայական ժողովրդականություն են ձեռք բերել իրենց զգալի առավելությունների շնորհիվ՝ հարմարավետություն, բազմակողմանիություն, գործնականություն: Բազմազան դիզայնը նույնպես հսկայական պլ յուս է դարձել. հաճելի է, երբ բաճկոնը կարելի է կրել գրեթե ամեն ինչի հետ՝ լինի դա ջինս, թե այլ զգեստ: Շատ հոլիվուդյան աստղեր հաճույքով կրում են բոմբերներ, և դա՝ նույնիսկ Օսկարի կարմիր գորգի վրա:
Օրինակ՝ Քիմ Քարդաշյանին, Ռիհաննային, Էմմա Ուոթսոնին և բազմաթիվ այլ հայտնի մոդելների նման բաճկոնով կարելի է հանդիպել փողոցում: Ներկայումս բոմբերները դարձել են ամենօրյա ոճի հիմնական տարր, առանց որի հարմարության և գործնականության դժվար է յոլա գնալ:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում