«Ունենալու ենք նոր կերպար. մարզուհի, որը ներկայացնելու է մեդալի հակառակ կողմը». Զառա Սահակյանը վերափոխել է «Զառանցանք» մոնո-ներկայացումը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեռևս նախորդ տարի դեերասանուհի Զառա Սահակյանը լսարանի դատին հանձնեց «Զառանցանք» մոնո-ներկայացումը: Արդեն տևական ժամանակ է ինչ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում դերասանուհին խաղում էր մոնո-ներկայացումը:
Tert.am Life-ին դերասանուհին վստահել է առաջին մանրամասները՝ պատմելով, որ մոնո-ներկայացումը վերաբեմադրվում է:
«Այս ժամանակահատվածում մոնո-ներկայացումն ունեցել է 14.000 հանդիսատես և ստացել ենք հնարավորինս դրական արձագանքներ: Հանդիսատեսը տեսելու է փոփոխություններ այս ներկայացման մեջ, քանի որ ես սիրում եմ իմպրովիզներ և դա իմ ժանրն է, իսկ նման ոճով մենք գույն ենք տալու ներկայացմանը: Այժմ մենք բարձրացնում ենք նշաձողը»,- նշեց Զառա Սահակյանը:
Նախկինում դերասանուհին բեմում կերտում էր 15 կանանց, բայց այժմ կերպարները համալրվում են:
«Ունենք կերպար, որը կերտել ենք զրոյից և վստահ ենք՝ հանդիսատեսը սիրելու է այդ կերպարը, քանի որ հենց ժողովրդից է ծնվել: Սպորտսմեն կնոջ մասին է, որը ցույց է տալու այդ կյանքի հակառակ կողմը՝ ինչ դժվարություններ կան սպորտում: Մենք նաև գրել ենք երաժշտական համարներ, որոնք հանդիսատեսը կլսի առաջին անգամ, իսկ այս փոփոխություններով պայմանավորված ներկայացումն անվանել ենք «Զառանցանք restart»,- մանրամասնեց դերասանուհին:
Հունվարից հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել ներկայացման նոր տարբերակն իր նոր գույներով, իսկ դերասանուհին նշում է, որ այս շրջանում իրականացնում են ակտիվ փորձեր:
««Զառանցանք restart»-ի կարևորագույն ու գլխավոր կերպարները մնում են, մասնավորապես դրանք հայ կանայք են և ներկայացումը հայ կնոջ մասին է և ունենք անակնկալ, քանի որ բեմում լինելու է տղամարդ և մտածել ենք, որ հայ կնոջ կողքին նաև ներկայացման մեջ պետք է լինի տղամարդ, իսկ կերպարին մարմնավորելու է հենց ներկայացման ռեժիսորը՝ Սեդրակ Գոջամանյանը, որը սցենարիստի՝ Արմեն Վարդանյանի հետ գտել է հետաքրքիր լուծում»,- եզրափակեց Զառա Սահակյանը: