Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման և զինծառայողների ազատ արձակման մտադրության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՌԻԱ «Նովոստին:
«Ադրբեջանի և Հայաստանի վերջին քայլերը նպաստում են վստահության ամրապնդմանը և հնարավորություն են ստեղծում կողմերի հարաբերությունների կարգավորման համար», -ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն է հրապարակվել:
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար: