Ինչպե՞ս են այլ երկրներում զարդարում տոնածառը. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր օրերում Ամանորի և Ս. Ծննդյան տոնի անբաժան խորհրդանիշն է զարդարված տոնածառը, որը երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Ս. Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառեր են տարել իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստել են փայտից և զարդարել մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվել է Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը, տոնածառն ավելի նորաձև է դարձրել 1841 թվականին, երբ Ուինձորի դղյակում այն զարդարել է մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթներով: Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ ևս հետևել են նրա օրինակին՝ տոնածառը զարդարելու նպատակով օգտագործելով զանազան իրեր:
Չարլզ Դիկկենսը նկարագրել է տոնածառ, որը զարդարված է եղել տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով, թրերով, մրգով և քաղցրավենիքով: 19-րդ դարի առաջին տասնամյակներում ԱՄՆ-ում տոնածառերն ընդունված չեն եղել: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարել են Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք եկեղեցու բակում տեղադրել են տոնածառ՝ տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով, սակայն ծխականներն այն համարել են վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրել տոնածառը հանել: Մինչև 1880-ական թվականները տոնածառի զարդարանքներ ԱՄՆ-ում չեն արտադրել, դրանք ներկրել են Գերմանիայից, չնայած տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում:
20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարել են հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակել են օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ, շարաններ են պատրաստվել մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից: Էլեկտրականությունը նպաստել է, որ լույսերով զարդարված տոնածառերը խաղան աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերն սկսել են հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե՛ մասնավոր և թե՛ հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարել են Ս. Ծննդյան տոնի սկիզբը: Վաղ տոնածառերը զարդարվել են փերիների և բարի հոգիների պատկերներով, իսկ եղջյուրները և զանգակներն օգտագործվել են չար ուժերին վախեցնելու համար:
Լեհաստանում տոնածառերը զարդարվում են հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով: Դանիայում տոնածառերի վրա կախում են դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ: Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում են փոքրիկ հովհարներ և թղթե լապտերիկներ: Լիտվայում տոնածառերը զարդարում են ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով: Ծղոտը խորհրդանշում է նոր տարում առատ բերքի հանգամանքը: Չեխոսլովակիայում տոնածառերը զարդարում են ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով: Ուկրաինայում տոնածառերի վրա լինում է սարդը և սարդոստայնը՝ որպես հաջողության խորհրդանիշ: Դա գալիս է մի լեգենդից: Մի աղքատ կին, որը ոչինչ չի ունեցել զարդարելու իր երեխաների տոնածառը, Ս. Ծննդյան տոնի առավոտյան արթնանալով՝ տեսել է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառը, որը եղել է սարդոստայնով պատված:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում