Մարզաձև, որի ակունքները ձգվում են մինչև մեր թվարկությունից հազարամյակներ առաջ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կանոեներով և բայդարկաներով թիավարությունը այնպիսի դարավոր պատմություն ունի, որով հազիվ թե որևէ այլ սպորտաձև կարող է պարծենալ: Նավակները, որոնք նման են եղել բայդարկաների և կանոեների, հայտնվել են դեռ մեր թվարկությունից առաջ: 1927 թվականին 20-րդ դարի առաջատար անգլիացի հնագետ Չարլզ Վուլլին արծաթե նավակ է գտել շումերական թագավորի դամբարանում, որը կառուցվել էր 6000 տարի առաջ։ Ժամանակակից բայդարկաների և կանոեների «նախահայրեր» են հայտնաբերվել նաև Հին Եգիպտոսում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում և աշխարհի այլ մասերում: Բայց այդ ամենը վերաբերել է այդ նավակներին ընդհանրապես, այլ ոչ թե սպորտին: Միայն 1920-ականներին են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կայացել բայդարկաներով և կանոեներով սիրողական առաջին առաջնությունները։ Ավելի ուշ՝ 1924 թվականին, Փարիզի Օլիմպիական խաղերում այդ մարզաձևը ներկայացվել է որպես ցուցադրական ելույթ:
Միաժամանակ հիմնադրվել է ֆեդերացիա (Կանոեի միջազգային ներկայացուցչություն): 1946 թվականին այն փոխել է իր անվանումը և դարձել Կանոեի միջազգային ֆեդերացիա, որի անդամ է արդեն 115 երկիր։ Ֆեդերացիայի պարտականությունների մեջ էր մտնում մրցաշարերի անցկացումը, սպորտի զարգացումը և կազմակերպչական բոլոր հարցերի լուծումը։ Այդ կազմակերպության հովանու ներքո էլ Պրահայում անցկացվել է Եվրոպայի առաջին առաջնությունը։ Որոշվել է, որ Հին աշխարհի առաջնությունը կանցկացվի 2 տարի պարբերականությամբ, և այդ «գրաֆիկը» շարունակվել է մինչև 1969 թվականը, երբ որոշվել է ամեն տարի անցկացնել միայն աշխարհի առաջնություն, սակայն 1997 թվականին Եվրոպայի առաջնությունը «վերադարձել» է, որը ևս ներկայում անցկացվում է ամեն տարի։ Վաշոլմն է (Շվեդիա) դարձել առաջին քաղաքը, որը հյուրընկալել է աշխարհի առաջնությունը։ Առաջնությունից հետո ամբողջ 10 տարի անորոշ է եղել այդ սպորտաձևի ճակատագիրը։
Բանն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով թիավարության բոլոր մրցումները դադարեցվել են և վերսկսվել են միայն 1948 թվականին, և այդ ժամանակվանից էլ պարբերաբար անցկացվում են մինչ հիմա։ Ինչպես նշվեց վերևում, առաջին անգամ մարզաձևը որպես ցուցադրական ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերում, իսկ 1936 թվականին Բեռլինի Օլիմպիական խաղերում մարզաձևը ներառվել է խաղերի պաշտոնական ծրագրում։ Հաջորդ Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թվականին Լոնդոնում, ընդ որում՝ նաև կանանց է թույլատրվել մասնակցել դրանց։ 20-րդ դարում թիավարությունում գերակշռել է 3 տերություն՝ ԽՍՀՄ, Գերմանիա և Հունգարիա, և այդ երկրների մարզիկները պարբերաբար բարձր հարգի մեդալներ են տարել տուն:
Օրինակ՝ Բրիջիթ Ֆիշերը (Գերմանիա) 8 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն տղամարդկանց մեջ, իսկ կանանց մեջ Գերտ Ֆրիդրեքսոնն է (Շվեդիա) իր կարիերայի ընթացքում նվաճել ամենաբարձր մակարդակի 6 մեդալ։ Ներկայում այս մարզաձևը վերելք է ապրում, բացի Օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, տարեկան անցկացվում են հսկայական թվով այլ մրցումներ՝ աշխարհի գավաթներ, «Գրան պրիներ», երիտասարդական առաջնություններ։ Թիավարությունը ակտիվորեն գովազդվում է ամբողջ աշխարհում, ավելանում են ակումբները, և երիտասարդներն ավելի ու ավելի են պատրաստակամորեն զբաղվում դրանով։ Մինչ օրս մրցութային ծրագիրը բաղկացած է թիավարությունից՝ մենակ, երկուսով, չորսով, իսկ մրցումներն անցկացվում են 200, 500, 1000 մետր հեռավորությունների վրա։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում