Հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար. եթե սա զուգահեռ չարվի, հետևանքները շատ ծանր են լինելու․ Տիգրան Աբրահամյան
БЛОГՊաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Զինված ուժերի մի քանի հազար զինծառայող ատեստացիան հաղթահարել է և առավել բարձր աշխատավարձ է ստանում, սակայն «մոռացավ» նշել, որ այդ թվից ավելի շատ մարդիկ էլ շեմը չեն հաղթահարել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Ու սա, ի դեպ, այն դեպքում, որ այն դեռ կամավոր հիմունքներով է իրականացվում` առավելապես դիմում եմ պատրաստված զինծառայողները:
Այն պարտադիր է այն զինծառայողների համար, որոնք պաշտոնի առաջխաղացում են ունենում:
Ընդ որում` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ատեստացիայի մասին օրենք ընդունելուց հետո` 1-1.3 տարի անց, բանակի քիչ մասն է կարողացել մասնակցել այդ գործընթացին:
Շարունակում եմ պնդել, որ նույնիսկ այդ օրենքի շրջանակներում` համապատասխան կարգ սահմանելու դեպքում, հնարավոր էր որոշակի արդյունք ստանալ, բայց ինչպես մյուս հարցերում, կառավարությունը գնում է ամենադանդաղ, վատ ճանապարհով:
Զինված ուժերի և երկրի պաշտպանության առաջնահերթություններից ելնելով, եթե մի կողմ դնենք ատեստացիան, ապա որպես հրատապություն պահանջող քայլ, գոնե պետք է գնալ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հավելավճարների էական բարձրացման (շուրջ 50 հզ.) ճանապարհով, հակառակ դեպքում առկա սուր խնդիրներն այնպիսի ծավալի կհասնեն, որ դրանք բանակի առաջ դրված նույնիսկ նվազագույն խնդիրները չեն լուծի:
Այստեղ ես ոչ այդքան խոսում եմ աշխատավարձի բարձրացման մասին որպես մոտիվացիա, որքան զինծառայողների և նրանց ընտանիքների նվազագույն խնդիրների լուծման հնարավորություն, որի պայմաններում ոչ միայն նորմալ «տուն պահել» կստացվի, այլ զինծառայողը հնարավորություն կունենա կենտրոնանալ ծառայության, այլ ոչ թե ծանր կենցաղի վրա:
Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար: Եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու»: