Կրթական ուղևորությունը դեպի ԱՄԷ հայ պատանի երաժիշտների համար ունեցավ մեծ հաջողություն
ОБЩЕСТВОՓետրվարի 1-ից 16-ը 34 պատանի երաժիշտ՝ Հիմանդրամի կրթաթոշակառուները և կրթական ծրագրի այլ մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված 66 վարպետության դասերի, 5 դասախոսությունների և ստեղծագործական հանդիպումների հայտնի պրոֆեսորների հետ և ունկնդրել 16 դասական համերգներ աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների մասնակցությամբ:
Այս կրթական ուղևորության ընթացքում Հայաստանի պատանի տաղանդավոր երաժիշտները 15 օր շարունակ ընկղմվեցին երաժշտական կրթության և մշակութային փոխանակման հարուստ աշխարհում և մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերմանը զուգահեռ, անցկացրեցին տպավորիչ և անմոռանալի օրեր իրենց հասակակիցների հետ:
Առաջնորդվելով հաջորդ սերնդի երաժշտական տաղանդը զարգացնելու անսասան հանձնառությամբ՝ այս ուղևորությունը կարևոր նշանակետը դարձավ երիտասարդ երաժիշտների մասնագիտական աճի համար: Յուրաքանչյուր օր նշանավորվում էր վարպետության դասերով աշխարհի լավագույն և հանրաճանաչ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (Giuliano Mazzoccante), Հե-Յանգ Քիմը (Hae-Young Kim), Էշլի Վասը (Ashley Wass), Ալեքսանդր Չաուշյանը (Alexander Chaushian), Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբի (Berlin Symphony Orchestra) և Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբի (Oxford Philharmonic Orchestra) կոնցերտմայստերները և ուրիշներ։
Վարպետության դասերը ծառայեցին որպես անգնահատելի հնարավորություն մեր տաղանդավոր պատանիների համար՝ կատարելագործելու իրենց հմտությունները, ընդլայնելու իրենց գեղարվեստական հորիզոնը և ամուր կապեր հաստատելու հանրահայտ արտիստների հետ:
Այս կրթական փորձառության կարևորագույն մասն էին նաև InClassica փառատոնի համերգները, որոնց ընթացքում հանդես եկան հանրահռչակ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը (Berlin Symphony Orchestra), Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Oxford Philharmonic Orchestra), անվանի դիրիժորներ, ինչպիսիք են Մարիոս Պապադոպուլոսը (Marios Papadopoulos), Քրիստոֆ Պոպենը (Christoph Poppen), Լուկաս Մասիանսը (Lucas Macías), ինչպես նաև հանրահռչակ արտիստներ, ինչպիսիք են՝ Քամիլ Թոման (Camille Thomas), Մաքսիմ Վենգերովը (Maxim Vengerov), Զի Զին (Zee Zee) , Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Յոլ Ում Սանը (Yeol Eum Son), Ֆրանկ Բրալենը (Frank Braley) և ուրիշներ։
Համաշխարհային մակարդակի այսպիսի արտիստների և նվագախմբերի համերգներին ներկա լինելը ոչ միայն ոգեշնչեց պատանիներին, այլ նաև էլ ավելի մեծացրեց գնահատանքը դեպի երաժշտարվեստը:
Երաժշտական այս խոշորագույն իրադարձության մաս կազմելը կրկին ընդգծում է դասական երաժշտության և հայ տաղանդավոր պատանի երաժիշտների ապագայի համար ներդրումներ կատարելու խորը կարևորությունը:
Հնարավորություն տալով երիտասարդներին ծանոթանալ դասական երաժշտության տարբեր կատարողական դպրոցների ներկայացուցիչներին և ստանալ միջազգային մակարդակի կրթություն՝ մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին, որոնք ունեն մեծ ներուժ՝ դառնալու մեր երկրի պարծանքն ամբողջ աշխարհում: