58-ամյա Հասմիկ Ղահրիյանը մահացավ գաղթի ճանապարհին՝ որդու գրկում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հասմիկ Ղահրիյանի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո Հադրութի շրջանի Տող գյուղից տեղահանվել և ապրում էին Ստեփանակերտում, նրա դստեր՝ Մարինեի ընտանիքն էլ նույն տարում Շուշիից էին Ստեփանակերտում հաստատվել ու զրոյից սկսել իրենց նոր կյանքը։
Մարինե Ղահրիյանը MediaHub-ին պատմում է, որ պատերազմից հետո մայրը սրտի բաց վիրահատություն էր տարել, բժիշկներն էլ խորհուրդ էին տվել, որ նա սթրեսների մեջ չընկնի, իրեն հանգստություն էր պետք։ Մշտապես դեղեր էր օգտագործում.
"Ես, քույրս ու եղբայրս մեր ընտանիքներով ամեն ինչ անում էինք, որ մեր ծնողները, առավել ևս մայրս որևէ բանի կարիք չունենան»,- ասում է մեր զրուցակիցը։
Մարինեի խոսքով՝ ընտանիքը պատվով հաղթահարել է նաև Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։
«Երբ սկսվեց պատերազմը, բոլորս հոգ էինք տանում մայրիկի մասին, անընդհատ հույս էինք տալիս։ Պարտությունն ուժեղ հարված էր մորս համար, բայց երբ Արցախի կորստի լուրը հասավ նաև մեզ, մայրս սկսեց մեզ հույս տալ, ասաց՝ մի մտածեք, 2 անգամ տուն ենք դրել, 3-րդ անգամ էլ կդնենք, ես կխնամեմ երեխաներին, դուք բոլորդ կաշխատեք, ոտքի կկանգնենք»,- հիշում է Մարինեն, ցավով նշում, որ այդպես էլ մայրը չհասցրեց անցնել դժոխքի վերածված Հակարի կամուրջը։
«Մենք դուրս եկանք սեպտեմբերի 25-ին, ամբողջ ճանապարհին մեքենաների խցանում էր։ Առաջ էինք գնում ընդամենը մի քանի մետր, հետո կանգնում ժամերով, այդպես շարունակ։ Մայրս եղբորս մեքենայի մեջ էր, որում նաև եղբորս կինն ու երեխաներն էին։ Մենք իրարից տեղեկություն չունեինք, թե ով որտեղ է հասել, ես գիտեի իրենք ինձանից առաջ են։ Հետո իմացանք, որ Ստեփանակերտից դուրս գալուց հետո վառելիքի պահեստում պայթյունը և խոշոր հրդեհը մայրս տեսել է հեռվից, սիրտը վատացել էր»։
Հաջորդ օրն առավոտյան Հայաստանից օդային ճանապարհով Արցախ են շտապել ուղղաթիռները, ավելի ուշ՝ շտապ օգնության մեքենաները։ Կնոջ ապրումներից սրտի հիվանդությունը «գլուխ է բարձրացրել»։ Հասմիկի 30-ամյա որդի Դավիթը սեպտեմբերի 26-ի,ն ժամը 23:30-ի սահմաններում մորը գրկել ու իջեցրել է մեքենայից, որ մաքուր օդ շնչի, տեղում՝ որդու գրկում մահացել է։
«Առաջ գնալու տեղ ու ձև չի եղել։ Ամբողջ գիշեր մայրս մնացել է մեքենայի մեջ։ Եղբայրս ու իր կինը երեխաներից թաքուն են պահել եղելությունը, չնայած երեխաները փոքր են, չեն հասկացել կատարվածի մասին։ Արդեն լուսաբացին, մարդիկ իրար իմաց տալով ճանապարհը բացել են, եղբորս մեքենան առաջացել է մինչև Հակարի կամուրջ, այնտեղ սպասող շտապ օգնության մեքենայով մորս դին տեղափոխել են Գորիս»,- հիշում է մեր զրուցակիցը։
Մարինեն մոր մահվան մասին իմացել է սեպտեմբերի 27-ին։ Քանի որ երկար ճանապարհ էր սպասվում, Դավիթը նրան չի ասել մոր մահվան մասին։
«Երբ հասել եմ Կոռնիձոր, արդեն կարողանում էի զանգ ստանալ։ Չգիտեի, որ եղբայրս ինձանից առաջ է հասել։ Հարցրեցի՝ մաման ո՞նց ա, չցանկացավ ինձ ցավեցնել, ասաց՝ Մարինե՛, մաման լավ ա, դու, երեխաները, լա՞վ եք»»։
Մարինեն պատմում է, որ իր հայրն ու ամուսինը եղել են այն մեքենայում, որտեղ նաև իրենց ընտանիքի ունեցածն են տեղավորել։ Մյուսներն առանձին-առանձին տեղավորվել են այլ մեքենաներում։ «Ճանապարհին այդ մեքենան փչանում է։ Հայրս ու ամուսինս թողել են ճանապարհին կանգնած, առաջ եկել, գտել մեզ»
Գաղթի ճանապարհին մահացած Հասմիկ Ղահրիյանն ընդամենը 58 տարեկան էր։ Նա հուղարկավորվել է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Նրա ամուսինը, 3 զավակներն ու 9 թոռները ամեն օր հիշում են Հասմիկին, ցավում, որ սիրելի մայրն ու հոգատար տատն այլևս երկնքում է...
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live