Հաշվեքննիչ պալատի աղմկահարույց բացահայտումները. ՊԵԿ
ОБЩЕСТВОՀաշվեքննիչ պալատն է հանրայնացրել Պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունը: Արձանագրվել է, որ «Հարկային և մաքսային ծառայություններ» միջոցառման շրջանակում 411100՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով առկա է անհամապատասխանություն և խեղաթյուրում՝ կապված նշված հոդվածով 2022թ. ընթացքում աշխատակիցներին վճարված շուրջ 55 միլիոն 173 հազ. դրամ պարգևատրումների հետ: Հաշվեքննիչը նշել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի համապատասխան հրամանի համաձայն, պարգևատրումները դասակարգվում և արտացոլվում են 411200 տնտեսագիտական հոդվածում:
ՀՊ-ն արժանահավատ չի համարել նաև գերատեսչությունում ավտոմեքենաների վառելիքի գծով ծախսերի ճանաչման և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլված չափը: «2022թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունում ավտոմեքենաների վառելիքի՝ 132 միլիոն 549.000 դրամի չափով փաստացի ծախսերը ճանաչվել և արտացոլվել են առանց դրանց արժանահավատությունն ապահովող ավտոմեքենաների երթուղային թերթիկներում փաստացի կատարած վազքի ցուցմունքների»,- արձանագրել է հաշվեքննողը:
ՀՊ-ն ներկայացրել է նաև ՊԵԿ-ում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները: Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի տարեկան և 2023 թվականի նախորդ եռամսյակների հաշվեքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների շտկման ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի առաջարկները ՊԵԿ-ի կողմից չիրականացնելու պատճառով, գործնականում նույն անհամապատասխանությունները կրկնվել են նաև հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանում։