«Սիրելի Սահմի» հեռուստասերիալի փակ նախադիտումը, հայտնի հյուրերն ու հարցազրույցները գլխավոր դերասանների հետ (լուսանկարներ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամանակի մեջ ճամփորդությունն ու սիրո բարձրագույն դրսևորման մասին հեռուստասերիալը՝ «Սիրելի Սահմի»-ն հաշված օրերի ընթացքում ստացավ հազարավոր գաղափարակիցներ և հեռուստադիտողներ, որոնք համակ ուշադրությամբ հետևում էին սերիալի զարգացումներին:
Երեկ կայացել է «Սիրելի Սահմի»-ի վերջին երկու սերիաների փակ նախադիտումը, որին նաև ներկա էր Tert.am Life-ը. ներկայացնում ենք մանրամասներն ու լուսանկարները:
Փակ նախադիտմանը ներկա էին մի շարք հայտնիներ, նախագծի գործընկերներն ու ընկերները, որոնք կանգնած էին հեռուստասերիալի ակունքներում:
Փակ նախադիտման ողջ ընթացքը լի էր հույզերով. ծիծաղ, ուրախություն, հուզմունք, արցունքներ, կարեկցում և մեծ հավատ սիրո նկատմամբ:
Մեզ հետ զրույցում դերասանուհի Իննա Խոջամիրյանն անկեղծացավ՝ ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել հեռուստասերիալի առաջին սերիայի փակ նախադիտումը:
«Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հյուրախաղերով մեկնեցի Միացյալ Նահանգներ և չկարողացանք իրականացնել առաջին սերիայի նախադիտման փակ արարողությունը, բայց այսօր իսկապես համոզվեցի, որ հանգամանքները պատահական չեն, քանի որ մենք չէինք ունենա այս հույզերն ու սպասումները, որոնք տեսանք այսօր, քանի որ բոլորը եկել էին մեծ սպասումով՝ ինչ է լինելու վերջում և ինչպես է ավարտվելու պատմությունը: Նախագիծը մեզ հետ է օգոստոս ամսից և սա երկարատև ու մանրակրկիտ աշխատանք էր և այսօր այստեղ էին մարդիկ, որոնք հավատացել են այս աշխատանքին, հավատացել են, որ նման էքսպերեմենտալ աշխատանքը կունենա իր հեռուստադիտողին, որից մեկ առ մեկ շնորհակալ եմ»,- նշեց Իննա Խոջամիրյանը:
Մի շարք հեռուստադիտողներ և օգտատերեր սպասում են նախագծի երկրորդ եթերաշրջանին և մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ համապատասխան նախադրյալների պարագայում երկրորդ եթերաշրջան հնարավոր է:
«Եթե մենք ստանանք համապատասխան ֆինանսավորում և ռեսուրսներ՝ հենց վաղվանից կմեկնարկենք աշխատանքները: Մենք իրականացրել ենք բարդ ու քրտնաջան մեկ տարվա աշխատանք, որ «Սիրելի Սահմի»-ն կյանքի կոչվի: Գաղափարն ինքնին ռիսկային է, մենք եկել ենք դաշտ նոր ձևաչափով՝ ինքներս մեզ նետելով մարտահրավեր ու այժմ թիմի հետ թևակոխում ենք էլ ավելի բարդ փուլ, որտեղ պետք է պահենք սահմանված նշաձողը»,- նշեց դերասանուհին:
Տևական դադարից հետո հեռուստաեթեր վերադարձած դերասան Սոս Ջանիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Միհրանի կերպարն իր սիրելի և լավագույն կերպարներից է:
«Կարող եմ ասել, որ սա երբևէ իմ ֆավորիտ կերպարներից է և նվեր էր մարմնավորել Միհրան Ժամագործյանին: Ես ապրել եմ այդ կերպարն ու կերպարով և փակ նախադիտման ընթացքում ես համակ ուշադրությամբ հետևում էի բոլորի արձագանքներին և նայում էի հեռուստադիտողի աչքերով: Իննային և Գոշին համարում եմ թիմակիցներ և ընկերներ՝ անսահման ուրախ լինելով, որ կարողացել ենք նման աշխատանք ստանալ»,- ասաց Սոս Ջանիբեկյանը:
Ռոմանտիկ դրաման, ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը գրավեց շատ հեռուստադիտողների սրտերը և կարողացավ նոր վերաբերմունք ստեղծել հայկական հեռուստասերիալի նկատմամբ:
Հեռոսւտասերիալի վերջին երկու սերիաները Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կլինեն ապրիլի 2-ին և 4-ին՝ 20:45: