Կառլենը գիշերը երազիս եկավ, հետո պարզեցի՝ հերձել են այն ժամին, երբ տեսել եմ երազիս մեջ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարիամ Բարսեղյանն իր 8 անչափահաս երեխաների հետ Մարտակերտից դուրս եկավ ու բռնեց գաղթի ճանապարհը։ Դուրս գալու համար նրան ևս տրվել է 2 օր, ու ինքն այդ խառը ու դժվար օրերին ժամանակ չուներ տնից ինչ որ բան վերցնելու։
«Հարստությունս երեխաներս էին, նրանց անվտանգության մասին էի մտածում միայն»,- ասում է կինը՝ MediaHub-ի հետ զրույցում պատմելով իր ընտանիքի ողբը։
Նրա ամուսինը՝ 35-ամյա Կառլեն Գևորգյանը, 5 տարեկան է եղել, երբ ընտանիքը Շիրակի մարզից տեղափոխվել ու մշտական բնակություն էին հաստատել Մարտակերտում։ Կառլենն աշխատում էր Դրմբոնի, ապա Կաշենի հանքարդյունաբերական ձեռնարկությունում։ Մարիամի հետ ամուսնանալուց հետո որոշել են ունենալ մեծ ընտանիք։
«Երբ ծնվեց մեր 6-րդ երեխան, պետությունը մեզ բնակարան հատկացրեց։ Դեռ չէինք հասցրել վայելել մեր սեփական տունը, որովհետև սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ ժամանակ ես հղի էի: Տեղահանվեցի երեխաների հետ ու ժամանակավոր մնացի Հրազդանում։ Կառլենը չհամաձայնեց գալ, նա իր կյանքն առանց Արցախի չէր պատկերացնում, դրա համար մենք նորից վերադարձանք Մարտակերտ։ 2020-ին, երբ տղա ունեցանք, նրան Կորյուն կոչեցինք»,- ասում է կինը՝ ընդգծելով, որ Կառլենի հետ ապրած տարիներն իր կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածն էր։ «Թե՛ որպես հայր ու ամուսին, թե՛ որպես որդի՝ ինքն անգերազանցելի էր»։
Պատերազմից հետո հանքավայրի աշխատանքը ժամանակ առ ժամանակ դադարում էր, քանի որ ադրբեջանական դիրքերը մոտ էին ձեռնարկությանը, իսկ Արցախի պաշարման ընթացքում այն իսպառ չգործեց։
«Տունը պահելու համար զինվորագրվեց աշխարհազոր ուժերում, չնայած ես չէի ուզում։ 2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ ես ջաղացից տուն էի գնում։ Զանգեց, հարցուփորձ արեց երեխաներից, հետո ասաց՝ «ալյուրը շուտ տուն հասցրու, հաց թխի երեխաներին, սոված չմնաք»։ Դրանից հետո սկսվեց պատերազմն, ու կորավ կապը դիրքերի հետ»,- հիշում է Մարիամը։
Բազմազավակ մայրը երեխաների հետ պատսպարվել են ապաստարանում։ Նա ամուսնուց ոչ մի լուր ու տեղեկություն չուներ, բայց գիշերը ժամը 4-ին Կառլենի ընկերոջ կինն է հյուրընկալվում Մարիամին։
«Զրույցի ընթացքում հասկացրեց ինձ, որ ամուսինս զոհվել է։ Նա ինձ առաջարկեց միասին գնանք հիվանդանոց, քանի որ դիրքերից դիերն այնտեղ էին բերում։ Պատրաստվում էի դուրս գալ, հետ շրջվեցի, բոլոր երեխաներս քնած էին գետնին, իսկ հրետակոծությունը չէր դադարում։ Ասացի՝ «չեմ կարող երեխաներիս թողնել այստեղ», չեմ պատկերացնում ինչ կլիներ, եթե գնդակոծվեր նաև այդ տարածքը, ես կխելագարվեի»,- ասում է կինը, ընդգծում, որ դա իր կյանքի ամենածանր գիշերն էր։
Կառլենն ու Մարիամն իրենց 9-րդ երեխային էին սպասում։ Բլոկադայի ժամանակ Մարիամի համար այդ կարգավիճակում դժվար էր, բայց կինը երբեք չի դժգոհել, հաղթահարել է. «Որովհետև Կառլենը կողքիս է եղել, իսկ նրա ներկայությամբ ոչնչի կարիք չեմ ունեցել»։
Պատերազմի հենց առաջին օրը, առաջին ժամերին Մարտակերտի շրջանի դիրքերում անմահանում է նաև Կառլեն Գևորգյանը։ Կինը, որ մեծ դժվարությամբ երեխաների հետ գաղթել ու ապաստանել էր Կապանում, ավելի ուշ է գտել ամուսնու մարմինը։
«Գիշերը երազիս եկավ, հաջորդ օրը Գորիսի դիահերձարանում գտա դիակը։ Պարզվել է, որ նրան հերձել են Կապանում, գիշերը, այն ժամին, երբ տեսել եմ երազիս մեջ։ Կառլենին հուղարկավորել ենք «Եռաբլուր» պանթեոնում»,- ասում է նա:
Ընտանիքն այնուհետև Կապանից տեղափոխվել ու բնակություն է հաստատել Թալինի շրջանի Աշնակ գյուղում։ Նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին Մարիամը լույս աշխարհ է բերել 9-րդ երեխային։ Նրան հոր անունն է կնքել։ Հիմա էլ առանց Կառլենի փորձում է դաստիարակել երեխաներին, որ հոր պես լավ մարդ ու արժանի զավակներ մեծանան։
Հունան Թադևոսյան