Մեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես այրիացա, երբ ընդամենը 23 տարեկան էի… միայն ցավում եմ, որ երեխա չհասցրեցինք ունենալ, չստացվեց, չնայած որ ես էլ, ինքն էլ երազում էինք վայելել ծնող դառնալու բերկրանքը»,- MediaHub-ին պատմում է Օքսանա Հայրապետյանը։
Նրա ամուսինը՝ սպիտակցի Հմայակ Հայրապետյանը, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, տեղափոխվել է Արցախի Ներքին Հոռաթաղի հրետանային զորամաս, մարտկոցի հրամանատար էր։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Ցավոք, հոկտեմբերի 21-ին նրա վերջին մարտն էր՝ Նոր Կարմիրավան բնակավայրում։
«Նա գերազանց հրամանատար էր, իսկ որպես մարդ՝ աննկարագրելի բարի։ Ես միշտ ասում եմ, որ պատերազմում ես միայն չայրիացա, այլ կորցրեցի այս կյանքում ինձ կես խոսքից հասկացող անչափ հոգատար մի մարդու, որի բացակայությունը զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան»,- նշում է կինը։
Հմայակ Հայրապետյանը 29 տարեկան էր, պետական ու գերատեսչական պարգևներից բացի զորամասը նրան հետմահու շնորհել է նաև մայորի կոչում։ Հուղարկավորվել է հայրենի Սպիտակի հերոսների պանթեոնում։
Օքսանան, որ քիմիա-կենսաբանության ուսուցչուհի է, ասում է, որ իր ու ամուսնու սիրելի վայրը Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակն էր, որտեղ ժամերով նստում ու խոսում էին ապագայից, որն այդպես էլ չեկավ, ընդհատվեց։
«Ինքը շատ կապված էր ծառայությանն ու իր զինվորներին, որից մեկը եղբայրս էր։ Ես զարմանում էի, թե ինչպես կարելի է հավասարապես նվիրվել և՛ ծառայությանն ու ընտանիքին, և՛ ընկերներին ու Հայաստանում ապրող հարազատներին»,- ասում է երիտասարդ կինը:
Ամուսնու հանդեպ ունեցած սերն Օքսանան արտահայտել է Ն․Հոռաթաղի եկեղեցու բակում նրա անունով խաչքար տեղադրելով։
«Ամուսնուս զոհվելուց հետո քանի որ հաճախ չէի կարող գալ-գնալ, որոշեցի խաչքար տեղադրել այն վայրում, որն ամենաշատն ենք սիրել։ Միայն այնտեղ էի զգում Հմայակի ներկայությունը։ Բացի այդ, Գառնաքար գյուղի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է ամուսնուս անունով։ Հետո զորամասի սպայակազմը զոհված հերոսների հիշատակը հավերժացնող սրբատեղ է կառուցել։ Օրեր առաջ ադրբեջանական Տիկ-տոկ ալիքներով տեսա, որ թշնամիները Սուրբ Գևորգի ու զորամասի տարածքում են ու պղծել են մեր խաչքարերը, վերացնում են հայակական հետքը, առավել ևս մաքրում են մեր հերոսներին հիշեցնող ամեն ինչ»,- ափսոսանքով նշում է կինը։
2023-ին Օքսանան Իվանյան՝ խաղաղապահների կենտրոնակայան է տարհանվել Առաջաձորից։ Վշտանում է, որ այդպես էլ չկարողացավ գնալ Հոռաթաղ, փրկեր ամուսնու նկարները, որ զինվորները պահում էին իր աշխատասենյակում, կամ գոնե թաքցներ խաչքարը, որ ադրբեջանցիները չպղծեն ամուսնու և հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը։
«Իմ 2 հորեղբայրներն էլ անմահացան առաջին ազատամարտում։ Չնայած իրենց ընտանիքների կրած դժվարություններին՝ դա հաղթանակի շրջան էր մեզ համար։ Այսինքն` իմաստավորում ուներ իրենց չլինելը։ Հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, իսկ հերոսներին ու նրանց կատարածն արժեզրկում են ամեն օր»։
Օքսանան ասում է, որ իր ցավին մինչ օրս ապրումակցում են Հմայակի զինվորական ընկերներն ու նրանց ընտանիքները, որ ցանկացած պահի երիտասարդ կնոջ կողքին են։
«Բայց նրա չներկայությունը ոչ ոք չի կարող լրացնել։ Այցելում եմ իր գերեզմանին։ 4 տարի անցնի, 104 անցնի, միևնույն է, սիրելի մարդկանց կորուստը, նրանց հանդեպ կարոտը ժամանակը ո՛չ մեղմում է, ո՛չ էլ սփոփում»,- ընդգծում է նա։
Հունան Թադևոսյան