Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր
ЭКОНОМИКАՄայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը:
Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի 5-ը, կրում է «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը և նպատակ ունի քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները:
Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ անդամ 68 երկրներից:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ևս մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական տարեկան հանդիպմանը:
Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ինչպես ԱԶԲ բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այլ ֆինանսական կառույցների և գործընկեր երկրների պատվիրակությունների հետ:
Մայիսի 3-ին նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև անդրադարձել են հետագա համատեղ հեռանկարային ծրագրերի:
Հանդիպումները կշարունակվեն այսօր նույնպես։