«Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրեր, դերասանի գործընկերներն ու հարազատները։
Tert.am Life-ը նույնպես եղել է մոնոներկայացման պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները։ Մոնոներկայացման հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։
Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը ևս համեմված էր երաժշտական հատվածներով, պարերով, նմանակումներով և հանդիսատեսի ներգրավվածությամբ, իսկ մուտքը՝ «Եվրատեսիլ» 2024–ի մեր պատվիրակի՝ Լադանիվայի երգի ներքո։
Լրագրողների հետ զրույցում դերասանը նշեց, որ իր ամեն ներկայացում ունի ասելիք, իսկ «Փահլևան»–ը բացառություն չէ։
«Ներկայացումն ու գաղափարը ծնվում է տաղանդավոր ընկերներիս օգնությամբ և հետագայում էլ իրենց հետ կյանքի կոչվում։ Մեզ հուզող հարցերի մասին մենք խոսում ենք այս հարթակից և համեմում ասելիքն ինձ հատուկ ոճով՝ հումորով։ Այնուամենայնիվ, թեմաներին և հումորին մոտենում ենք զգույշ և փորձում ենք համահունչ լինել թեմաներին և հումորներին։ Սա մեր աշխատանքն է և կարծում եմ, որ հուզող թեմաների մասին պետք է խոսենք այս հարթակից։Այսօր մենք տեսնում ենք, որ ամեն բան խառնվել է իրար։ Իմ և ընկերներիս հիմնական նպատակը միշտ և ամենուր բարություն և դրական էներգիա քարոզելն է, որ միմյանց լսենք, հանդուրժող լինենք, ապրումակցող լինել։ Պետք է հաճախ կարողանանք լսել, որ միշտ չմնանք «փահլևան»–ի կարգավիճակում»,– ասաց Ռաֆայել Երանոսյանը։
Մոնոներկայացման վրա աշխատում են մի քանի սցենարիստներ և Արմեն Վարդանյանը նշեց, որ սցենարական աշխատանքների նախնական փուլում նրանք գիտեն, թե ինչպես Ռաֆայելը կկարողանա մատուցել այդ հումորն ու տեսարանները։
«Մենք այս անգամ գրեթե չենք անդրադարձել կենցաղային թեմաներին, քանի որ կարող ենք այդ թեմաներով ժամ ու կես ծիծաղեցնել, բայց մոնոներկայացումն ու բեմ դուրս գալն ինքնանպատակ չէ։ Մենք տեսնում ենք թեմայի կորիզը, կամ ինչպես ասում են մեր ոլորտում՝ «պրոբլեմը» և սկսում ենք աշխատել թեմայի շուրջ, զարգացնել և ծավալել։ Այս ներկայացման մեջ, երբ դրել ենք շեշտը «Փահլևան»–ի վրա մենք բալանսավորել ենք ասելիքն ու ամեն թեմայի շուրջ ներկայացրել հավասարազոր թեմաներ»,– նշեց Արմեն Վարդանյանը։
Դերասանը նախորդ մոնոներկայացումներով ունեցել է շրջագայություններ և նախագծի պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը նշեց, որ այս ներկայացմամբ ևս պատրաստվում են շրջագայություն ունենալ։
«Կարող եմ ասել, որ պրեմիերան նոր է կայացել, բայց մեզ արդեն իսկ սպասում են արտերկրում և մենք ամենայն պատասխանատվությամբ և ուրախությամբ ենք խաղում այս ներկայացումն արտերկրում բնակվող հայ հանդիսատեսի համար։ Հայաստանում մենք տվել ենք մեկնարկն ու կարող եմ հավելել, որ առաջիկայում սպասվող ներկայացման տոմսերը գրեթե սպառվել են և հանդիսատեսը սպասում էր Ռաֆայելին բեմում, քանի որ այսօր ևս մարդիկ ունեն դրական էներգիայի կարիք և ամեն մոնոներկայացումից հետո մենք հասկանում ենք, որ հանդիսատեսն ունի այս հումորի կարիքն ու թատրոն գալով՝ կտրվել առօրյայից»,– եզրափակեց Վահան Թովմասյանը։
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի