Օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Մարսելում
СПОРТՀայաստանի օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձևերի ներկայացուցիչներ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության և հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։
Հայկական կողմից հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ սպորտային ծրագրերի իրականացման բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը։
Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի խորհրդում տեղի ունեցած միջոցառմանը ներկա է եղել նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։
Նախաձեռնության հեղինակներն են Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի ղեկավարությունը՝ դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորությամբ, ինչպես նաև «Վազք հիշատակի» հայկական կազմակերպությունը՝ Ժիրայր Գրիգորյանի և Պասկալ Շամազյանի գլխավորությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ նրանք նաև աջակցելու են, որ Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում ունենանք «Հայաստանի տուն»։
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: