«Երբ Երևանս նորից ժպտա, համերգ կունենամ ոչ թե համալիրում, այլ՝ Երևանի ցանկացած փողոցում». Ավո Ադամյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023-24 թվականներն ինձ համար կարևոր ու լավագույն ժամանակաշրջանն են, որովհետև մանկությանս երազանքը՝ ունենալ մենահամերգ, իրականություն դարձավ Եվրոպայում և Միացյալ նահանգներում: Առաջին մենահամերգս տեղի ունեցավ 2023 թվականի հունիսի 6-ին, որից 4 ամիս անց խնդրեցին համերգս կրկնել: Այդպես հազվադեպ է լինում: Դա ինձ ուրախություն և ուժ տվեց աշխատելու, իսկ հանդիսատեսը երկար չսպասեց, կարճ ժամանակ անց տեղի ունեցավ 2-րդ մենահամերգը Միացյալ Նահանգներում:
Երևանյան մենահամերգի օրը որոշել էի, բայց, հիմա, երբ ամնեն ինչ խառնվեց, լռում եմ
Նոր անելիքներ շատ կան: Չեմ սիրում տեղում դոփել, չաշխատել: Չեմ սիրում շատ քնել: Աշխատում եմ նոր տեսահոլովակների վրա: Վերջին տեսահոլովակս Դուբայում ենք նկարահանել, որն արդեն հանդիսատեսի դատին եմ հանձնել ու նորի վրա եմ աշխատում: Նոր երգեր ունեմ, ծրագրեր շատ կան, նույնիսկ չեմ հասցնում իրականացնել: Համերգներ ևս սպասվում են, ամռանը ուզում եմ Երևանում համերգ ունենալ, բայց ամեն ինչ կախված է մեր երկրի սրտի ուրախությունից: Եթե Երևանը ժպտա, խոստանում եմ, որ համերգ կունենամ ոչ թե համալիրում, այլ փողոցում կկանգնեմ ու կերգեմ:
Ես նույնիսկ օր էի որոշել երևանյան մենահամերգի, բայց, երբ ամեն ինչ իրար խառնվեց, հիմա լռում եմ: Հիմա ամենամեծ երազանքս է, որ իմ հայրենիքը ժպտա, իմ հայ ժողովուրդը լիաթոք ուրախանա: Ես գիտեմ, որ ցանկացած այգում էլ կանգնեմ ու երգեմ իմ հանդիսատեսը կողքիս է լինելու:
Ես արտիստ եմ ու քաղաքականության հետ որևէ կապ չունեմ, սիրում եմ իմ երկիրը, բայց ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի:
Ինձ ճանաչում բերեց «Խաբկանք» հեռուստասերիալը
Երբ հեռարձակվեց 12 մասանոց՝ «Սիրո թակարդում» հեռուստանովելը շատ մեծ արձագանք եղավ: Շատ բարձր վարկանիշ ունեցավ, սաունթրեկը՝ «Արտասովոր աղջիկ» երգը չափից շատ սիրվեց: Հիմա 2-րդ եթերաշրջանն է նախատեսված նկարահանել, բայց իմ զբաղվածությունն այնքան մեծ է, որ չեմ հասցնում: Նկարելու ենք Միացյալ նահանգներում, USArmenia-ն է իրականացնում այս նախագիծը, ինչպես նաև համերգներս:
Ինձ ճանաչում բերեց սցենարիստ Անուշ Պետրոսյանի «Խաբկանք» հեռուստասերիալը, շնորհակալ եմ և՛ նրան, և՛ USArmenia-ին, որ բոլոր նախագծերում ինձ վստահում են գլխավոր կերպարը: Փորձում եմ արժանի լինել:
Աստված ինձ ստեղծել է և՛ երգիչ, և՛ դերասան, և՛ շոումեն
Ես ինձ համարում եմ արտիստ: Ես բեմի ու տեսախցիկի մարդ եմ: Անգամ տկար ժամանակ, երբ չեմ կարողանում ոչինչ անել, բայց, երբ տեսախցիկն ինձ վրա է, ես լիաարժեք ու կատարյալ եմ դառնում: Նույնը նաև բեմում՝ վատառողջ կլինեմ, կջերմեմ, անքուն գիշերներ կունենամ, թե՝ 6 ինքնաթիռ փոխած կլինեմ, երբ բեմ եմ բարձրանում, իմ հանդիսատեսը պիտի տեսնի իսկական Ավոյին՝ լիարժեք ու անկեղծ: Ես ոչնչով իմ հանդիսատեսին չեմ կարող զարմացնել ու գոհացնել բացի իմ անմիջական շփումից:
Որպես երգիչ եմ ինձ լիարժեք զգում, թե դերասան, բարդ է ասել: Կարծում եմ, Աստված ինձ ստեղծել է և՛ երգիչ, և՛ դերասան, և՛ շոումեն: Ես լիարժեք եմ զգում ինձ այս 3-ը համատեղելով:
Հեղինակ՝ Անի Մնացականյան