236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճել
ЭКОНОМИКАՀայաստանի Կառավարությունը հերթական վարկային համաձայնագիրն է ստորագրել. այս անգամ վերցրած վարկը կազմում է 236 միլիոն եվրո։
236 միլիոն եվրո վարկը ՀՀ Կառավարությունը ստանալու է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ)՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով։
Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։
Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ Հայաստանի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով որոշվել է իրականացնել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիր։
«Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին»,- ասված է Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ:
Նշենք, որ Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո:
Նախատեսվում է ֆինանսավորման մյուս հատվածը՝ 137 միլիոն եվրո վարկ ստանալ նաև Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)։
ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո: