Կվերանայվի ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը. նախագիծ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 24-ի N 2144-Ն որոշման մեջ: Նշվում է, որ ներկայումս գործող որոշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում առկա են մի շարք դեղեր, որոնք Հայաստանում պետական գրանցում չունեն կամ կիրառությունից դուրս են եկել, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել վերանայել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը: Գործող որոշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը հաստատվել է 2020 թ.-ին:
Հաջորդ տարիների ընթացքում բազմաթիվ դեղերի պետական գրանցումը Հայաստանում ավարտվել է, բացի դա, կապված այլ երկրներում արտակարգ ու ռազմական դրություններով (ՌուսաստանՈւկրանիա), խնդիր է առաջացել որոշ դեղերի Հայաստանում գրանցման կամ մեր երկրում գրանցված տարբերակի ներմուծման հետ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Covid-19 համավարակով պայմանավորված բազմաթիվ դեղագործական կազմակերպություններում առկա են հումքի, ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային դեֆիցիտ, լոգիստիկ խնդիրներ: Ինչպես նաև առկա են տնտեսվարող կազմակերպություններում ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերի և ժամանակացույցի խնդիրներ:
Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը և ժամանակացույցը: Նախարարությունը մշակել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նոր անվանացանկ:
Նախկին 47 անվանում դեղի և 51 անվանում բժշկական նշանակության գույքի փոխարեն նախագծով առաջարկվում է 68 անվանում դեղ և 58 անվանում բժշկական նշանակության գույք: Նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները: Ցանկում ներառվել են Հայաստանում պետական գրանցում ունեցող դեղեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում