Ի՞նչ իմաստ ունի գլխաշորը, և ինչո՞ւ են կանայք այն կրում. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գլխաշորը մեծ կտորի տեսքով աքսեսուար է՝ սովորաբար եռանկյունաձև։ Այսօր այն նորաձև տարր է աշխարհի կանանց զգեստապահարանում, ինչպես նաև ազգային գլխազարդ է շատ ժողովուրդների, այդ թվում՝ սլավոնների շրջանում: Հստակ հայտնի չէ, թե ինչո՞ւ է գլխաշորը եռանկյունաձև, բայց կա ենթադրություն, որ այն առաջացել է քառակուսի կտորը անկյունագծով կտրելու հետևանքով, իմաստը կտորը խնայելն է եղել։ Գլխաշորը մեծ նշանակություն է ունեցել միջնադարի եվրոպացի կանանց համար։ Արևմուտքում ամուսնացած կանայք կրում էին բարբետներ՝ փոքրիկ գլխաշորեր, որոնց ծայրերը կապված էին կզակի մոտ: 1780-ականներին ֆրանսիացի կանանց հագուստը ներառում էր կիսաշրջազգեստ, բաճկոն, գլխաշոր և գլխարկ:
Վիզն ու կուրծքը ծածկվում էին եռանկյունաձև շորով։ Շոգ եղանակին դրանք հաճախ հանվում էին՝ ցուցադրելով բաց պարանոցը։ 18րդ դարի վերջերին հայտնվեցին գլխաշորեր, որոնք ընդգծում էին մեծ կրծքերը, այն ժամանակ դա կանացիության նշան էր համարվում, բայց հարյուր տարի անց դրանք դուրս եկան նորաձևությունից։ Իսպանիայում տարածված էր երկար, ամենից հաճախ՝ սև գլխաշորը՝ մանտիլան։ Այն դնում էին գլխին, իսկ ծայրերը խաչում ու կապում կրծքին կամ մեջքին։ 20-րդ դարում մանտիլային փոխարինեց տոկիլան՝ փոքրիկ գլխաշորը, որը կրում էին եկեղեցում, և որը գործածական է մինչ օրս: Շատ երկրներում կնոջ կրած գլխաշորից շատ բան կարելի է հասկանալ՝ կարգավիճակը, բնակության վայրը, ֆինանսական և ընտանեկան դրությունը: Առաջներում ամուսնացած կանայք միշտ իրենց մազերը ամբողջովին թաքցնում էին գլխաշորի տակ, քանի որ կարծում էին, որ մազերը կախարդական ուժ ունեն։
Օրինակ՝ Ռուսաստանում հուղարկավորությունների և սգի ժամանակ պարտադիր է եղել կրել սպիտակ գլխաշոր: Այնուամենայնիվ, դրանք ժամանակի ընթացքում չեն արմատավորվել և շուտով փոխարինվել են այլ գլխազարդերով։ ԽՍՀՄ-ում կարմիր գլխաշորն է մոդայիկ դարձել՝ որպես հեղափոխության խորհրդանիշ։ 1920-1930-ականներին կոմերիտուհիները կրել են դրանք՝ ի նշան նոր դարաշրջանին պատկանելու։ Հետագայում դա վերածվել է պիոներական փողկապի։ Ամերիկայում «քանթրի» երաժշտական նոր ուղղության շնորհիվ նորաձև են դարձել բանդանաները՝ տարբեր գույների մետաքսե կամ բամբակյա գլխաշորերը։ Վայրի Արևմուտքի կովբոյները ևս բանդանա գլխաշոր էին օգտագործում՝ որպես վզնոց: Ճապոնիայում ևս գլխաշորն ունեցել է իր կիրառությունը։ Մասնավորապես, կանացի հարսանեկան զգեստում օգտագործվում էր սպիտակ գլխաշոր, որը գցում էին ավանդական բարձր սանրվածքի վրա։
Գլխաշորը նաև ժամանակակից գնչուհիների հագուկապի կարևոր մասն է։ Նրանք սկսել են օգտագործել դա 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ բնակություն են հաստատել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Ամուսնացած գնչուհիները մազերը ոլորելուց հետո հյուսում են երկու հյուսով, դնում գլխի հետևում կապված գլխաշոր՝ ծածկելով ճակատը։ Չամուսնացած գնչուհիները ևս գլխաշոր են կրում՝ սակայն ոչ ամբողջությամբ ծածկելով մազերը: Հիմա էլ տարբեր տեսակի գլխաշորերը չեն կորցրել իրենց ժողովրդականությունը և հանդիպում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների մոտ՝ բժիշկներ, բանկի աշխատակիցներ, ստյուարդներ և բորտուղեկցորդուհիներ, օծանելիքի և ոսկերչական խանութների աշխատակիցներ և այլն: Ի վերջո, գլխաշորը հանդերձանքի այնպիսի նորաձև և ոճային դետալ է, որը կարող է զարդարել և ամբողջացնել ցանկացած տեսք:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում