«Իսկ դրսում ձյուն է գալիս». հանդիսատեսին ծիծաղ պարգևելուց հետո դրամատիկ ավարտով կոմեդիան՝ սառը ցնցուղի էֆեկտով՝ Համազգայինի բեմում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում վերջերս կայացավ «Իսկ դրսում ձյուն է գալիս» կատակերգության պրեմիերան՝ ռեժիսոր Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Արման Նավասարդյանը, Վարշամ Գևորգյանն ու Ստեփան Ղամբարյանը: Ներկայացման մեջ փոքրիկ դերով հանդես է գալիս նաև ինքը՝ Դավիթ Հակոբյանը:
Աուտիզմ կամ պարանոյա հիվանդությամբ տառապող Չիկոն, ով ներկայացման գլխավոր հերոսներից է, եղբայրներին ստիպում է տունը յուրահատուկ խաղահրապարակի վերածել: Անդադար ծիծաղ պարգևող կոմեդիան անսպասելի դրամատիկ է ավարտում: Ներկայացումը հանդիսատեսին ստիպում է ծիծաղելուց բացի նաև մտածել: Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացմանն ու զրուցել դերասանների հետ: Ինչպես նշեց ռեժիսոր Դավիթ Հակոբյանը՝ արձագանքները լավն են. «Դեռ անտարբեր մարդ չեմ տեսել»:
«Մենք տնվոր ենք, բեմ չունենք, փորձերը գիշերը՝ ժամը 3-4 ենք արել». Դավիթ Հակոբյան
Շատ բարդություններով ենք աշխատել, որովհետև տարբեր զբաղվածությունների պատճառով դերասանների մի մասը ներկա չէին լինում, փորձերը չէինք կարողանում բոլորս միասին անել: Անդադար ձգձգվեց: Ամբողջը միասին երևի 2 ամիս էլ չի տևել փորձերի ընթացքը: Բեմական փորձերը գիշերներն ենք արել, որովհետև բեմ չունենք, մենք տնվոր ենք վերջին հաշվով ու ազատ օր չկար բեմում փորձելու: Բայց բրավո տղաներին և տեխնիկական կազմին:
Շատ հետաքրքիր աշխատեցինք, գիշերները մինչև ժամը 3-4-ը աշխատում էինք և 23 օրում իրականացրեցինք բեմադրությունը:
Դերերը կարդալուց անմիջապես տեսա տղաներին, կարծես իրենց վրայով կարված լինի դերերը, մանավանդ, երբ բոլորին շատ լավ ճանաչում էի, տեսակն ու մտածելակերպը, նույնիսկ խոսելաձևն անգիր գիտես:
Ոչ մի խնդիր չենք ունեցել, նույնիսկ վեճ ոչ մի առիթով չի եղել: Գերագույն հաճույք եմ ստացել պրոցեսից, ուրախ եմ, որ առիթը եղավ այս ներկայացումն անելու: Սկզբում ուրիշին էր հանձնարարված բեմադրությունը, նույնիսկ պիեսը չէի էլ կարդացել: Նախկին ռեժիսորը կարծեմ չի համաձայնվել, ինձ առաջարկեցին: Պիեսը կարդացի ու անմիջապես զգացի, որ իմն է, գրված է հենց իմ սկզբունքներով: Տունտունիկ է սա, երեխաների խաղ, դերասանի վարպետությունը հենց գիտակցաբար տունտունիկ խաղալու մեջ է:
«Աշակերտի նման լսել ենք պարոն Հակոբյանին». Արման Նավասարդյան
Մենք մեր գործն ենք արել, հանդիսատեսը թող գնահատի: Դժվարություններ մեծ հաշվով չեն եղել, բացառությամբ գրաֆիկը, որի մեջ պիտի տեղավորվեինք: Պրեմիերան տարբեր հանգամանքներով հետաձգվեց:
Բեմում իմ ընկերներն են, շատ կարևոր է, որ փորձերի ժամանակ ոչ մի անձնական խնդիր չի եղել: Մենք 4-ով շատ մտերիմ մարդիկ ենք, գիտենք ընկերությունն ինչ է, բայց նաև գիտենք՝ բեմում պրոֆեսիոնալիզմն ինչ է: Ընկերությունն իր տեղն ունի, բայց մենք աշակերտի նման լսում էինք այն, ինչ ասում էր պարոն Հակոբյանը, ինչի արդյունքում ստեղծվել է այս գործը:
Հաճելի է, որ չարչարանքներս գնահատվում է: Երբ մի բան անում ես սիրով ու հավեսով, ոչ մի դժվարություն աչքիդ չի երևում: Բնականաբար, նախապրեմիերային ներվ կար ստեղծագործական թիմի մոտ, բայց փորձել ենք դրան չտրվել, սուսուփուս արել ենք մեր գործը:
Կուզեմ ցանկացած ներկայացում, եթե գրավել է նաև հանդիսատեսի սիրտը, երկար կյանք ունենա: