Վանաձորում կայացավ «Իրական դպրոց»-ի ամփոփիչ միջոցառումը
ОБЩЕСТВОՎերջերս Վանաձորում տեղի ունեցավ «Իրական դպրոց» կրթական հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառումը` «Տարելրումն» խորագրով։
Միջոցառումը բաղկացած էր 2 մասից՝ տեխնոլոգիական և մշակութային։
Տեխնոլոգիական հատվածն իրականացվեց էքսպոյի ձևաչափով, որտեղ ցուցադրվում էին «Իրական դպրոց»-ի սաների ավարտական աշխատանքները, ինչպես նաև ներկայանում էին դպրոցի գործընկերներն ու գաղափարակիցները՝ ցուցադրելով իրենց նախագծերն ու աշխատանքները։
«Միջոցառման շրջանակներում մեր գործընկներների, գործատուների և մյուս քաղաքացիների հետ կիսվում ենք մեր ձեռքբերումներով և թույլ ենք տալիս գնահատել, թե «Իրական դպրոց»-ի սաները որքանով ենք պարտաստ հաջորդ փուլին»,- նշում է «Իրական դպրոց» հիմնադրամի տնօրեն Արման Պողոսյանը։
Մշակութային հատվածում ելույթ ունեցան «Իրական դպրոց»-ի և «Կայթ» մշակութային հանգույցի համագործակցության արդյունքում ստեղծված «Ճարտար» արվեստի ակումբի նվագախմբի և երգչախմբի սաները։ Միջոցառման վերջին հատվածը նվիրված էր շրջանավարտներին։ «Իրական դպրոց»-ի պատմության մեջ առաջին անգամ շրջանավարտներն ստացան հենց «Իրական դպրոց»֊ի կողմից տրված վկայականներ, ինչպես նաև հանձնվեցին արդեն ավանդույթ դարձած նվերները՝ զենքերը և ԱԹՍ-ները։
Վերջին ամիսներին արտոնագրվել են նաև մարզերում գործող «Իրական դպրոց»֊ները, և 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունն ընթանում է շատ ավելի մեծ ծավալներով՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Իջևանում և Գորիսում։
Հիշեցնենք, որ «Իրական դպրոց»-ը «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի կրթական նախագծերից է, որը միտված է Հայաստանում միջին մասնագիտական կրթության արդիականացմանը։