Մայիսին հեղուկ գազի գինը 30-35 դրամ էլ է եղել, արդյունքում շուկայում մնացել են խոշոր խաղացողները, գինը դարձել է 190-200 դրամ. տնտեսագետ
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հեղուկ գազի գինը հիմա 190-200 դրամ է դարձել, սկսեց բարձրանալ հուլիսի 1-ից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նրա խոսքով՝ մայիսին նույնիսկ առանձին գազալցակայաններ գինը սահմանել էին 30-35 դրամ, բայց հիմնականում մայիսին 90 դրամ էր:
Տնտեսագետի կարծիքով՝ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է լոգիստիկայի խնդիրը։
«Գաղտնիք չէ, որ Վերին Լարսի անցակետը տարվա այս շրջանում բավականին ծանրաբեռնված է աշխատում, խցանումներ են լինում, և նույն հեղուկ գազի տարանցման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ»,- նշեց նա:
Տնտեսագետի խոսքով՝ չնայած հեղուկ գազով բեռնված բեռնատարներն առանց հերթի են անցնում, բայց այդ ճանապարհները լի են գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող բեռնատարներով ու մեքենաներով, որոնք կարող են որոշակի խնդիրներ ստեղծել:
«Դրան գումարած նաև հազարավոր մարդիկ տուրիստական ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, կամ Ռուսաստանից այլ երկրներ, որոնք իրենց հերթին Վերին Լարսի անցակետում խցանումներ են առաջացնում»,- ասաց Պարսյանը:
Նա ընդգծեց, որ Վերին Լարսի անցակետի անգամ կարճաժամկետ՝ 1 շաբաթ կամ 10 օրյա խցանումը, կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի ներքին շուկայում։
«Ինչպես նշեցի մայիսին առանձին գազալցկայաններ հեղուկ գազի գինը սահմանել էին 30-35 դրամ: Սա անտրամաբանական, անառողջ մրցակցության արդյունք էր, որովհետև տնտեսվարողները երբեմն ինքնարժեքից ցածր գնով էին վաճառում:
Ակնհայտ է, որ այդպիսի ցածր գներով վաճառելուց հետո շուկան որոշակիորոն մաքրվել է, փոքր խաղացողները դուրս են եկել, որովհետև այդ ցածր գնի պարագայում քիչ հավանական էր, որ նրանք կմնային։ Հիմնականում կրկին խոշոր խաղացողներն են շուկայում մնացել, որոնք շարունակում են գազ ներկրել և իրացնել։ Այսինքն՝ այստեղ շուկայի վրա կարող է նաև ազդել խաղացողների կենտրոնացումը»,- ասաց նա: