Իսկ եվրադիտորդներն ասելիք չունե՞ն
АНАЛИТИКАԱյսպես կոչված, «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը» Հայաստանի նկատմամբ սպառնալիքների նոր չափաբաժին է հրապարակել։ Մասնավորապես, ադրբեջանցիները հայտարարել են, որ իրենք շատ «անհանգստացած» են այն փաստից, որ Հայաստանը սպառազինություն է գնում և հայտարարել են, թե իբր Հայաստանը ծանր սպառազինությունից գնդակոծում է, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքը:
Թուրք-ադրբեջանական տանդեմի այս կեղծ դեմարշից կարելի է անել հետևյալ հետևությունները. փաստորեն հայկական իշխանության բոլոր նվաստացուցիչ զիջումներից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի և չի դադարում պատերազմով շանտաժի ենթարկել Հայաստանին:
Ադրբեջանական սուտը, կեղծիքն ու ատելությունը՝ հայերի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի այցեքարտն են դարձել և հայկական կողմի ոչ մի զիջում չի կարող կանգնեցնել պատերազմի թափանիվը, որը սանձազերծում է Իլհամ Ալիևի ֆաշիստական ռեժիմը:
Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին հայկական իշխանության ողջ սնանկությունը և հիվանդագին անադեկվատությունը։ Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սպառնալիքները կանխելու իրական աշխատանքի փոխարեն, հայկական իշխանությունն ընկել է ապուշ աբսուրդի և էժանագին պոպուլիզմի անդունդը, այնպես որ Ադրբեջանի լկտի ու ցինիկ հայտարարություններն ավելի քան սպասելի են։
Ի դեպ, պետք է անպայման նշել, որ Ադրբեջանի լկտիությունը ծնվում է բացառապես փաշինյանական իշխանության քաղաքականությունից, որը սեփական երկիրն ու ժողովրդին նվաստացնելով, Արցախը հանձնելով և հիմա Հայաստանը հանձնելով՝ «Խաղաղության» հասնելու կարգախոսների ներքո արել և անում է ամեն ինչ, որ Ադրբեջանը Հայաստանին հարվածելու առավելագույն հարմարավետ պայմաններ ունենա։
Պետք չէ զարմանալ Ադրբեջանի հայտարարություններից, մեր թշնամիները գործում են բացառապես այն մահաբեր զիջումների տրամաբանությամբ, որ իրականացնում է Հայաստանի իշխանությունը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքով պատերազմ, մահ ու ավերածություններ է բերում հենց հայկական իշխանությունը, երբ ոչնչացնում է ալիևյան լակոտակրատական ռեժիմին՝ Հայաստանի վրա հարձակումից զերծ պահելու բոլոր քաղաքական, ռազմական, դիվանագիտական մեխանիզմները:
Դե ինչ, «հպարտ քաղաքացիներ», Արցախը հայաթափելուց, 240 ք/կմ հայկական տարածքը հանձնելուց, Տավուշում պաշտպանական գոտին հանձնելուց հետո սկսել ենք «հանգիստ» ապրե՞լ։ Եվ, ի դեպ, ևս մեկ հարց. եթե չեմ սխալվում Հայաստանում գործում է եվրադիտորդների առաքելություն, որոնք պետք է արձանագրեին սահմանային միջադեպերը և բացահայտեին հրադադարի ռեժիմը խախտողներին։ Նրանք ոչինչ չե՞ն ուզում ասել Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների մասին, թե՝ մենք իբր գնդակոծում ենք իրենց տարածքը։
Ոչինչ չունե՞ն ասելու այդ եվրադիտորդները, կամ գուցե նրանք զբաղված են այլ գործառույթներո՞վ, օրինակ ՝ հետախուզական գործունեություն են ծավալում Հայաստանի տարածքում երրորդ երկրների հանդեպ, իսկ մեր երկրի վրա թքած ունեն։
Ես չեմ պնդում, ես պարզապես հարցեր եմ տալիս, թե չէ մեր հիշողությունը կարճ է կամ միգուցե մենք ինչ-որ բան չգիտենք «եվրադիտորդների» իրական առաքելության մասին։
Արման Աբովյան