«Ինքն է որոշում, որ ժամին գնամ աշխատանքի, որ ժամին գամ տուն». Քեթին Մանասյանը՝ որդու հետ վեճերի, անձնականի ու նոր առաջարկների մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիսատ մնացած գործերի ու նոր առաջարկների, որդու հետ վեճերի ու անձնականում նոր հարաբերությունների մասին Tert.am Life-ը զրուցել է Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանի հետ:
Տարին չկատարվածի մասին էր
Օգոստոսից թատրոնը գնալու է արձակուրդ, այս թատերաշրջանը փակվում է, սեպտեմբերին նորից կսկսենք: Անկեղծ պիտի ասեմ, որ այս տարին ինձ համար ավելի շատ չկատարվածի մասին էր, քան կատարվածի, որովհետև բազում առաջարկներ ու ռեալ նախագծեր են եղել, որոնց շուրջ աշխատանք է արվել ու անհասկանալի պատճառներով չեն իրականացել: Թե՛ սիթքոմ պիտի լիներ, թե՛ ներկայացում էր մեկ տարի պատրաստվում: Ստեղծագործող մարդու համար շատ դաժան է, երբ աշխատում ես և վերջնարդյունք չկա:
Բարի երեխայից վերածվել է պահանջկոտ տղամարդու
Տղայիս կյանքում իր հայրը մասնակցություն ունի, իրար տեսնում են, բալիկս իր դասերով, տարբեր պարապմունքներով, երեխայական առօրյայով է զբաղված: Սեպտեմբերին կդառնա 10 տարեկան, փոխադրվում է 5-րդ դասարան:
Հիմա ամեն ինչ շատ արագ է կատարվում, դու նույնիսկ չես հասցնում կյանքի նոր տենդենցը յուրացնել ու հաջորդին դիմավորել: Բոլորս դա զգում ենք մեզ վրա, նույնն էլ երեխաների հարցում: Հասունացումը հիմա ավելի շուտ է լինում, ամեն ինչ համացանցից սովորում են, հիմա ինքը կարծես ամուսնանալու տարիքում լինի: Շատ կտրուկ է ամեն ինչ, բարի երեխայից վերածվել է պահանջկոտ տղամարդու, կարծես իմ կյանքում ինքն է որոշելու ինչ-որ բաներ՝ աշխատանքի երբ գնամ, երբ գամ: Այդ տեսակ վեճերն արդեն սկսվել են:
Ես աննորմալ չեմ, որ բացառեմ նոր հարաբերությունները
Հավատացեք, մարդիկ մեր բոլորից լավ գիտեն մեր անձնականը: Ես ունեմ կոլեգաներ, որոնց հետ մտերիմ եմ, անկեղծ, երբեք չենք փորփրում իրար անձնական: Դրսում մարդիկ հաճախ են կանգնեցնում, զրուցում, ու զրույցը հանկարծ արագ փոխվում է ուրիշ հայտնի մարդկանց մասին անձնական տվյալներ հարցնելով: Օրինակ՝ «դուք գիտե՞ք, որ «այսինչը» բաժանվել է»: Իրենք ինձանից շատ գիտեն, ես հիմա ինչ-որ արտառոց բան չեմ ասի: Ոչ մի նորություն չկա, ոչ էլ իմ մտահորիզոնում կա: Ես իմ գործի և երեխայի հետ եմ: Ես ոչ ուզում եմ, ոչ մերժում եմ: Ուղղակի չկա անձնականում ոչինչ, երևի ենթագիտակցական այդ կողպեքը դրվում է և էդպես էլ մարդը շարունակում է: Իսկ, որ երբևէ կունենամ նոր հարաբերություններ չեմ բացառում, այս աշխարհում ոչինչ չեմ բացառում: Աննորմալ կլինի ասել, որ բացառում եմ նոր հարաբերությունները: Իսկ ես նորմալ, առողջ մարդ եմ:
Թամադա աշխատելու բազում առաջրկներ եմ մերժում
Ես նաև հայտնի գրողների ստեղծագործություններն եմ ներկայացնում, չեմ ասմունքում, այլ՝ որպես արտիստ մոնոլոգի ձևով կարդում եմ: Վերջերս Գյումրիում էի, որտեղ կայացավ ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հետ հանդիպում, ում ստեղծագործություննները 15 տարի ներկայցնում եմ և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում: Ցավում եմ, որ այս տեսակ գործերը երբեք չեն լուսաբանվում:
Իմ ընկերներից շատերն են թամադա աշխատում, ես ինքս կուզեի հաղթահարել և ընդունել բազմաթիվ առաջարկները:
Ներկայումս հետաքրքիր ստեղծագործության վրա եմ աշխատում, որն առաջիկայում կներկայացնեմ հանդիսատեսին: Շատ պրեմիերաներ են սպասվում Կամերային թատրոնում, հուսամ ես էլ ներգրավված կլինեմ այդ ներկայացումներում:
Հեղինակ՝ Անի Մնացականյան